Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ներքին գործերին դրսից հնարավոր միջամտումներից զերծ պահելը ուժեղ առաջնորդներից կամք և փորձառություն է պահանջելու. Գարո Արմեն

Ապրիլ 28,2018 14:40

Գարո Արմենը ամերիկյան բիոտեխնոլոգիական Agenus կորպորացիայի նախագահն ու գործադիր տնօրենն է և Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի (ՀՄՀ) հիմնադիր նախագահը: ՀՄՀ-ն Հայաստանի ամենախոշոր բարեգործական կազմակերպություններից է և ամենախոշորը Հայաստանի մարզերում:

Ապրիլի 28, 2018 թ.

2018թ. ապրիլի 23-ը հայաստանցի ժողովրդի համար աննախադեպ հաղթանակի օր է: Մարդիկ, որոնք հաստատուն էին իրենց քաջության և վճռականության մեջ՝ վերջ տալու Սերժ Սարգսյանի կոռումպացված և բռնատիրական ռեժիմին՝ պահանջեցին նրա հրաժարականն ու հասան իրենց նպատակին:

Բողոքի ցույցերի գագաթնակետին՝ Երևանի փողոցներ 160,000 մարդ էր դուրս եկել: Նշանակալի է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդվող ժողովուրդն ունակ եղավ հասնելու այդպիսի նվաճման՝ առանց բռնության ալիք հարուցելու և դա այն դեպքում, երբ հենց իրենք էին բռնության զոհ դառնում այդ ընթացքում:

Ապրիլի 24-ի մեկօրյա դադարից հետո, որ կոչված էր հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը, ցույցերը շարունակվեցին: Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունը միայն առաջին հաղթանակն էր սակայն: Ժողովրդի հակակրանքը Հայաստանի Հանրապետական Կուսակցության հանդեպ, որ 20 տարուց ավելի խնդրահարույց ընտրությունների և կոռումպացված խորհրդարանականների շնորհիվ հաստատել էր իր գերակայությունը Հայաստանի կյանքում՝ շարունակում է հարուցել ժողովրդի խոր և մեծ ցանկությունը՝ հասնելու արմատական փոփոխությունների:

Այս համատեքստում պետք է անշուշտ նշել, որ հայ ժողովուրդը նաև իր դժգոհությունն ու հիասթափությունն է արտահայտում եկեղեցու, սփյուռքյան կազմակերպությունների և արտասահմանյան հայ առաջնորդների՝ այս խնդրում աջակցության բացակայության կապակցությամբ:

Անկախ նրանից, թե ինչ կհաջորդի այս իրադարձություններին՝ արդեն առկա անմիջական արդյունքը հսկայական հաղթանակ է ժողովրդի համար: Մինչդեռ հեղափոխության հերոսները շարունակում են փոփոխության անխոնջ և անվախ զինվորներ մնալ՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և նրա առաջադեմ համարվող թիմը վերջին երկու տարիներին լուռ աշխատել են կոռումպացված համակարգը շրջանցելու և թուլացնելու ուղղությամբ: Նրանք շարունակել են այդ գործը՝ չնայած այն մարտահրավերներին, որ առկա էին Սերժ Սարգսյանի վարչախմբի հետ աշխատելիս: Ցավալիորեն նրանք նույնպես թիրախ դարձան՝ հանրապետական կուսակցության հետ իրենց ասոցացման պատճառով:

Ի՞նչ պետք է լինի հաջորդիվ: Առաջընթացի իդեալական ճանապարհը հետևյալն է. նոր և արդար ընտրություններ, որոնք կվերազինեն խորհրդարանը որակյալ մասնագետներով, որին կհաջորդի նոր սահմանադրության ընդունումը, որն իր հերթին հայելին կհանդիսանա մի արժեհամակարգի, որ ստեղծվել է ժողովրդի կողմից և ժողովրդի համար: Անհրաժեշտ է բարեփոխել նաև օրենքները, որոնք այլևս չեն շնորհի գերակայություն՝ իշխանական համակարգի կոռումպացված սպասավորներին:

Դա լավ սկիզբ կլինի:

Ընտրության միջոցով այնպիսի վարչապետի նշանակումը, որը որևէ մեկի առջև որևէ պարտավորություններ իր ընտրության գործընթացում չի ունենա՝ անկյունաքարային հանգամանք է: Որևէ այլ պարագայում մեր բոլոր ջանքերը՝ կառուցելու մեր ժողովրդի և աշխարհի համար օրինակելի երկիր՝ խոչընդոտի կհանդիպեն:

Հայաստանի ներքին գործերին դրսից հնարավոր միջամտումներից զերծ պահելն ու դրանցից խուսափելը ուժեղ առաջնորդներից կամք և փորձառություն է պահանջելու: Ուժի այնպիսի ցուցադրություն՝ ինչպիսին կարող է լինել երկու առանցքային խաղացողների՝ ժողովրդական շարժման հերոս Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարապետյանի կողմից միասնական ճակատի ձևավորումն է՝ տեսականորեն կարող է այս առումով հրաշք գործել:

Մինչդեռ նման դաշինքի հեռանկարը գրեթե անհնարին է թվում այս պահին, այն կարող էր վերջնական լուծման բանալու դեր խաղալ և ծառայել Հայաստանի ու իր քաղաքացիների շահերին:

Եթե Հանրապետական կուսակցության՝ իշխանության դաշտը լքելուց հրաժարվելը շարունակի ժողովրդի զայրույթն ու ցասումը, այն կարող է երկրի և ժողովրդի ապագան վտանգի ենթարկել: Մայիսի 1-ի վարչապետի ընտրությունը պետք է վերջ դնի, այլ ոչ թե նոր սկիզբ դառնա ցնցումների: Ընդհանուր հայտարարի անհրաժեշտություն կա, և պետք է դրանից նոր Հայաստան ծնվի:

Նրանք, որ մեծապես օգտվել են համակարգից՝ պարտավոր են հիմա աշխատել՝ միավորելու մարդկանց, օգնելու Հայաստանը միասնական դարձնելու: Որպես բարեփոխումների բաղկացուցիչ՝ օլիգարխները պետք է սկսեն կանխածրագրված վենչուրային բարեգործության տեսքով ներդրումներ կատարել, լուծել ենթակառուցվածքային դեֆիցիտի խնդիրը և աշխատել այնպիսի նախաձեռնություններում, որոնք իրապես կապահովեն երկրի առաջընթացը՝ մարդկանց հզորացնելու և նրանց ճակատագրերը ուրվագծելու գործում:

Վերջին երկու շաբաթները մեծ քայլ էին Հայաստանի համար: Միասնությամբ և քաջությամբ՝ մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ստեղծելու իրապես հրաշալի և նոր Հայաստան: Ապրիլի 23-ին տարած հաղթանակին ուղղված ջանքերի պես մենք պետք է շարունակենք առանց բռնությունների, վճռականությամբ և միասնական պատկերացմամբ այն բանի մասին թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին:

ԳԱՐՈ ԱՐՄԵՆ

Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի Հիմնադիր և Նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30