ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնայողության ուղղությամբ իրականացվող գործնական քայլերը։ Տարվող աշխատանքների շրջանակներում նախօորոք ընտրված 4 խոշոր ձկնաբուծական տնտեսություններում, թվով 20 ստորերկրյա ջրառի կետերում իրականացվում են հոսքաչափերի և տվյալներ գրանցող սարքերի տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ ընթացող ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում։
ԳԱՏՕ ծրագրի նպատակն է զսպել Արարատյան դաշտում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման տեմպը՝ այն կայուն մակարդակի հասցնելով և աջակցելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:
ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո ընթացիկ փուլում աշխատանքներն իրականացնում է ԳԱՏՕ ծրագրի կողմից հայտարարված մրցույթում հաղթած մասնագիտացված ընկերությունը: Վերջինս ձկնաբուծական տնտեսություններում կատարել է համապատասխան չափագրումներ և մոնտաժային ընթացիկ աշխատանքներ։ Սահմանված ընթացակարգերով գնվել և Հայաստան են ներմուծվել հոսքաչափերը:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումներն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների պահպանության, արդյունավետ ու խնայողաբար կառավարման և դրանք կայուն մակարդակի հասցնելուն է միտված։ Վերոնշյալ ծրագրին զուգահեռ շարունակվում են խորքային հորերի կարգաբերման և փականային ռեժիմի բերման աշխատանքները։ Օրինակ՝ միայն 2017թ. Արարատյան դաշտում լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 167 հորատանցք, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 4952 լ/վ։ Մշտադիտարկումների արդյունքում նկատվում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի կայունացման և որոշ հատվածներում բարձրացման միտում։
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն