Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագրի հեգնանքով հենց մայիսի 1-ին Ազգային ժողովում նախատեսվում է վարչապետի ընտրություն. աշխատավորների ուղերձը

Ապրիլ 28,2018 13:41

Շուտով Մայիսի 1-ն է: Oր, երբ աշխարհի բոլոր արհմիությունները միաձայն բարձրաձայնում են իրենց իրավունքների ու շահերի մասին և իրենց զորակցությունն են հայտնում միմյանց։

Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որը իշխանությունների կողմից վարած անհեռատես տնտեսական, սոցիալական և աշխատանքային քաղաքականության հետևանք է։

Վերջին տարիներին աշխատանքը կորցրածներին զրկեցին գործազրկության նպաստից, առողջության խնդիրներ ունեցող աշխատողների համար սահմանափակեցին անաշխատունակության նպաստի իրավունքը, աշխատողների համար սահմանեցին նոր պարտադիր վճարներ, որոնք գուցե և «բարի նկատառումներով», բայց փաստացի վատթարացրեցին աշխատողների վիճակը։

Չբավարարվելով այսքանով, չարաշահելով աշխատողների համբերությունը` կառավարությունը շրջանառության մեջ դրեց աշխատանքային օրենսգրքի մի նախագիծ, որով զրկում է աշխատողներին իրենց եկամուտների ինդեքսավորումից, վերացնում է հավելավճարները արտաժամյա և վնասական աշխատանքի համար։

Պետական համակարգում տարիներ շարունակ բուծվել և արմատացվել է վախի մթնոլորտ, որպեսզի աշխատողները չկարողանան բարձրաձայնեն իրենց իրավունքների և շահերի հետ կապված խնդիրները: Օրենսդրությունը հնարավորություն չի ընձեռում հանրային ծառայողների համար վարել կոլեկտիվ բանակցություններ և ներկայացնել նրանց շահերը հանրապետական մակարդակով։ Ստեղծված համակարգը դեմ է ուղղված ոչ միայն աշխատողներին, այլ նաև մեր պետականության զարգացմանը. վստա՛հ ենք, որ կաշկանդված աշխատողը չի կարող և շահագրգռված չէ արդյունավետ աշխատել։

Սակայն վախի մթնոլորտում գտնվող աշխատողների փոխարեն բողոքի ձայն բարձրացրեցին իրենց երեխաները՝ վերցնելով իրենց վրա մեր երկրի զարգացման պատասխանատվությունը։ Ճակատագրի հեգնանքով հենց Մայիսի 1-ին Ազգային ժողովում նախատեսվում է վարչապետի ընտրություն։

Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել ողջամտություն, համեստություն, ի ցույց դնել, որ ժողովրդի իրական ընտրյալներ են, ընտրել ժողովրդի կողմից ընդունելի վարչապետ և ձևավորել ազգային համաձայնության կառավարություն, որը ի վիճակի կլինի տանել մեր երկիրը դեպի իրական ժողովրդավարություն և դուրս բերել Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ճգնաժամից։

Հուսով ենք, որ Մայիսի մեկը կդառնա մեր ժողովրդի և պետության համար իսկական տոն և կկարողանանք ի սրտե ասել՝ «Շնորհավո՛ր Մայիսի 1»։

Անահիտ Ասատրյան

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30