«Ամեն ինչ շատ լավ է, մեր տրամադրությունը բարձր է»,-ավտոերթով դեպի Իջեւան ուղեւորվելիս ուղիղ եթերում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ այսօր 14 00-ին Իջեւանում հանրահավաք է սպասվում: Անդրադառնալով շարժման ներկայիս փուլին՝ նա ասաց. «Եթե մինչ այս պահն իշխանության ներսում կային մարդիկ, որոնք չէին ուզում խոստովանել, որ այս պատմությունը վերջացած է, եւ մնում է արդյունքներն արձանագրել, ապա առաջիկա օրերին հաստատ նման մարդիկ չեն լինի»:
Փաշինյանի խոսքով՝ դա նշանակում է, որ «Իմ քայլը» շարժումը հաղթական ավարտի է հասնելու: Մինչ Փաշինյանը կհասնի Իջեւան, ավտոճանապարհը պարբերաբար փակում են համայնքների բնակիչները՝ նրան ողջունելու համար: «Դուխո՜վ Փաշինյան»,-բղավեցին քաղաքացիները, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. «Դուխով ենք, էլի, դուխովն էլ ո՞նց է լինում»: Տղամարդկանցից մեկն էլ Փաշինյանին ասաց. «Դու իմ եղբոր անունն ունես, ջիգյարդ ուտե՜մ»:
Նշենք, որ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանից բացի, Փաշինյանին ուղեկցում է նաեւ ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ