Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ էր կազմակերպել «Փեթակ» (հասցե՝ Արշակունյաց պողոտա 17ա) և «Երևան» (հասցե՝ Ս. Զորավարի փ. 11/1 շենք) տոնավաճառներում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
Վարժանքի նպատակներն են` ստուգել տնտեսվարողների անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Համաձայն վարժանքների սցենարի՝ տոնավաճառներում առաջացել է հրդեհ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, և առաջին հարկը ծխապատվել է, առկա է մարդկանց տարահանման խնդիր:
Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերն իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հետախուզում, աշխատակիցների և հաճախորդների տարահանում, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում:
Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերվել են որոշակի թերություններ, մասնավորապես՝ բացթողումներ տարահանման պլաններում, տոնավաճառներում ապրանքների ոչ ճիշտ տեղակայում և դասավորություն, որը հրդեհի դեպքում կխոչընդոտի մարդկանց տարահանմանը, հրդեհաշիջման և ազդարարման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, տարահանման նեղ ուղիներ և ելքեր, հրդեհաշիջման պարզագույն միջոցների ոչ բավարար քանակը և այլն:
ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում ունեցան տոնավաճառների պատասխանատուների հետ՝ արտակարգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները:
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
ՀՀ ԱԻՆ