Հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանն այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կոչ հղեց ՀՀԿ-ին. «Պետք է ապահովեք իշխանության անցնցում փոխանցումը: Եթե որեւէ այլ քայլի դիմեք, կլինի պատմության կրկնություն: Նորից կասեք այն, ինչ ՍերԺ Սարգսյանն ասաց՝ «սխալվեցի»: Սերժ Սարգսյանն իր անունից չի ասել, որ սխալվել է: Նա ՀՀԿ-ի անունից է ասել, որովհետեւ ՀՀԿ-ի ղեկավարն է: Պետք չէ ՀՀԿ-ական բոլոր պաշտոնյաներին հատ-հատ կանչել ու ասել՝ եղբա՜յր, հանձնեք իշխանությունը»:
Էդուարդ Զորիկյանն անդրադարձավ գնահատականներին, թե ինչպես կարող է բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինել: «Իսկ ինչո՞ւ չի կարող»,-հարցադրում արեց նա, ապա շարունակեց,-«Ցույցերի օրերին ասում էին, որ սահմանին հակառակորդի տեղաշարժ կա: Բա Բակո Սահակյանն այդ ժամանակ Երեւանում էր»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյան քաղաքական կերպարին, Զորիկյանը նշեց. «Եթե «կեղտ» լիներ նրա տակ, վաղուց ջրի երես դուրս եկած լիներ, իր դղյակներն էլ դրոններով նկարած կլինեին…Նա իր քայլը սկսեց մի քանի հոգով, հասավ հրապարակ՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանցով: ժողովուրդը կանգնեց նրա թիկունքին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ