Հեղինակ-կատարող Վախթանգ Հարությունյանը կարծում է, որ «Իմ քայլը» շարժման մեջ պետք չէ երրորդ ուժերի փնտրել: «Մութ սենյակում սեւ կատու փնտրելու քաղաքականությունն ավելի շատ իշխանությանն է պետք: Այն երիտասարդությունը, որն ուզում է սեփական երկիրը կառուցել, նրան պետք է զորակցել»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Վախթանգ Հարությունյանը: Անդրադառնալով այն փաստին, որ նախկինում իշխանամետ գործիչներ են միանում Փաշինյանի շարժմանը, իսկ ՀՅԴ-ն էլ դուրս է եկել իշխանական կոալիցիայից, Հարությունյանը նկատեց. «Խեղդվող նավից առնետները տեղափոխվում են: Դա նորմալ է»:
Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ երիտասարդությունը ճիշտ է անում, որ անտեսում է հին սերնդի բոլոր ներկայացուցիչներին, քանի որ ներկայիս կառուցվող մոդելը որեւէ պետության մեջ չունի օրինակ. «Այն բացառիկ է: Նոր սերնդին պետք է հանձնել մեր վստահությունը: Մականունավոր երեւույթները, Մոնումենտի գեղեցիկ տները…նման բաներ այլեւս չպետք է լինեն»:
Երաժիշտը ՀՀԿ-ին կոչ հղեց. «Ընդունեք ձեր սխալը եւ հեռացեք, գնացեք՝ ապրեք, բայց մինչ այդ քաղաքակիրթ լուծում տվեք ու երիտասարդությանը թույլ տվեք իրենց ապագան կառուցել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ