«Նիկոլ Փաշինյանը դիպլոմ չի ստացել…նա իր դասախոսներին մեղադրել է կաշառակերության մեջ: Ես էլ դպրոց գրեթե չեմ ավարտել, դիպլոմս էլ կասկածելի է: Երկու դասագիրք եմ վառել-շպրտել դասախոսիս երեսին»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն փաստի շահարկումներին, թե «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դիպլոմ չունի, ասաց երգիչ Ռուբեն Հախվերդյանը:
Նրա խոսքով՝ դիպլոմը նշանակություն չունի. «Փաշինյանը գրագետ ու խելացի է: Մինչդեռ կառավարության մեջ մարդիկ կան, որոնք հայերենից են վախենում, հայերենն էլ իրենցից»:
Հախվերդյանը նշեց՝ իրեն չի հետաքրքրում, թե Փաշինյանը մինչեւ ժողովրդական այս շարժումն ինչպիսի քաղաքական կերպար է ունեցել: «Նա միշտ էլ չափավոր ճշմարտախոս է եղել: Այն, ինչ նա անում է, պիտանի է հասարակության համար»,-համոզմունք հայտնեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ