Ըստ նրա՝ այս պահին որպես խաղաղ, անարյուն փոփոխութունների գործընթացի լավ օրինակ՝ Հայաստանի վարկանիշը բարձրացել է:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) օրեր առաջ հրաժարվեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպելուց:
Առավոտը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հետևություններ է արել նրանից, որ իր այս առաջարկը ԵԽԽՎ-ում մերժվել է: Պարոն Մարուքյանը պատասխանեց. «Ինձ պատասխանեցին, որ Հայաստանի հարցը հրատապ չէ, նախապես որոշված է, որ հրատապ հարցերը լինելու են Սիրիայի և անգլիական թունավորման հարցերը: Իսկ Հայաստանի հարցը հրատապների մեջ չկար»:
Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ իրեն հաջողվել է Հայաստանի հարցերով համազեկուցողներին համոզել, որ հայտարարությամբ հանդես գան և նաև ALDE խմբի անունից մի ելույթ ունեցող լինի Հայաստանի իրավիճակի վերաբերյալ:
Մեր հարցին՝ ԵԽԽՎ-ի կողմից սա հատո՞ւկ դիրքորոշում է Հայաստանի նկատմամբ, ինչը նշանակում է, որ ԵԽԽՎ-ում հայկական իշխանությունների հետ համագործակցում են, պարոն Մարուքյանը պատասխանեց. «Ուղղակի Հայաստանում տեղի ունեցող դեպքերն այնքան արագ են զարգացել: Բայց, օրինակ, եթե Փաշինյանին և մյուսներին ազատ չարձակեին, կարող էի հասնել նաև նրան, որ հրատապ քննարկում ունենայինք: Այն պահին, որ արդեն ես պետք է դրա մասին հայտարարություն անեի, ավելի լավ եղավ, և հարցը հանգուցալուծվեց: Փաշինյանն ու պատգամավորներն ազատ արձակվեցին, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Այսինքն՝ մի քիչ քննարկման առարկան փոխվեց: Միևնույն է՝ էլի ինձ հաջողվեց ALDE խմբի անունից ելույթի հարց լուծել, որով քննադատվում էին ոստիկանական բռնութունները, այդ օրերին տեղի ունեցած իրավախախտումները, և կոչ էր արվում Հայաստանին միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու, խաղաղ ցուցարարների իրավունքները պաշտպանելու և ապահովելու համար»:
Դիտարկմանը՝ այս պահին տարբեր գնահատականներ են հնչում, որ Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության աչքին բարձրացել է, և հարցին՝ ի՞նչ տրամադրություններ էին ԵԽԽՎ-ում, պատվիրակներն իրեն շնորհավորո՞ւմ էին, պարոն Մարուքյանը պատասխանեց. «Որպես խաղաղ, անարյուն փոփոխութունների գործընթացի լավ օրինակ Հայաստանի վարկանիշն այս պահին բարձրացել է»:
Դառնալով իր և պատվիրակների հանդիպումներին՝ պարոն Մարուքյանը փոխանցեց. «Սերժ Սարգսյանի հրաժարականի և իմ գործընկերների ազատ արձակելու լուրը հենց ստացել եմ, ուղևորվել եմ Ֆրանկֆուրտ և այնտեղից վերադարձել Հայաստան: Մինչև այդ պահն ում հետ խոսել եմ, խոսել եմ այն մասին, որ հայտարարություններով հանդես գան, միջոցներ ձեռնարկեն, ճնշում բանեցնեն Հայաստանի վրա, որ մարդկանց ազատ արձակեն և բռնություն չկիրառեն: Մինչև այդ պահը բոլորը մտահոգված էին, և բոլորը, ում ես դիմել եմ, իրենց անելիքն արել են»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
27.04.2018