Այն, ինչ հիմա ասելու եմ, վկայում են հռոմեական հնագույն աղբյուրները, ափսո՜ս, ոչ հայկական, որովհետև ժամանակների ընթացքում այդ մանրամասնությունները մեր աշխարհում համարելով անկարևոր` գրիչները ջնջել էին պատմիչների ձեռագրերից:
Հայոց թագավոր Տիգրան Մեծի աղջիկ Գիսանեն, երբ իմացավ Լուկուլլոսի դեմ ճակատամարտի ժամանակ իր նշանածի` Վահրամ իշխանի զոհվելու մասին, ինքնասպանություն գործեց:
Աստծո ստեղծած աշխարհում ի սկզբանե մարդու ինքնասպանությունը նորություն չէր:
Բազմաթիվ ձևեր գոյություն ունեին ինքնասպանության և ունեն մինչ օրս: Բայց Գիսանեն ընտրեց ամենադաժան ձևը, որպեսզի մինչև մեռնելը երկար տառապի: Անշուշտ, նա կարող էր կախվել կամ թունավորել իրեն մանրագոր բույսի թուրմով ու քներ խաղաղ, այդպես էլ չիմանալով, որ մահացել է, կամ նետվեր ժայռից, խեղդվեր ջրում…
Բայց Մեծ արքայի այդ տարաշխարհիկ աղջիկը ընտրեց ինքնասպանության թերևս ամենադաժան ձևը, որպեսզի իր ցավն ու տառապանքը երկար տևի: Նա վառեց բուխարին, հագավ իր ամենագեղեցիկ զգեստը, զարդարվեց իր ակնազարդ ոսկեղենով, ասես պատրաստվում էր իր հարսանիքին, նստեց շքեղ բազկաթոռում` կրակի դեմ, երկար նստեց` աչքերը կրակի բոցերին:
Եվ երբ կրակն արդեն սկսեց նստել ու մլմլալ, նա ձեռքով վերցրեց ածուխ-կրակը ու կերավ: Եվ այդպես անվերջ: Քանի դեռ կարողանում էր և ուժ կար մեջը` նա վերցնում էր շիկացած ածուխները ու ծամելով կուլ էր տալիս` այրելով իր մարմինը ներսից, մինչև որ հանգավ բազկաթոռի մեջ փլված: Եվ նա այդպես հրաժեշտ տվեց իր սիրելի զոհված տղամարդուն` ամուսնանալով կրակի հետ:
Տարօրինակ է, չէ՞, բայց այդպես էլ է լինում…
Հիմա վերադառնամ ու ասեմ, թե ինչու հիշեցի հրաշալի արքայադուստր Գիսանեի ողբերգական պատմությունը: Հիշեցի, որովհետև տեսնում եմ, թե ինչպես աշխարհի հին ու բարի, բայց այսօր խուլ անկյուններում ապրող ժողովուրդները ազատություն են ուզում: Բոլորն իրարից ազատություն են պահանջում:
Նմանակերպ պահանջ մեզ մոտ էլ է հնչեցվում: Ումի՞ց ազատ, ինչի՞ց ազատ, ներսի՞ց, թե՞ դրսից ազատ, անկեղծ ասած, չգիտեմ, քանի որ ես վախենում եմ անսանձ, անհեռանկար ազատությունից:
Այդպես ազատ կարող է լինել անձը, բայց ոչ` ազգը: Քանզի ազգի ազատությունը առաջին հերթին իր ներսում է, իր գրված ու չգրված օրենքների, սակայն կանոնիկ կյանքի մեջ և ոչ թե հրաշալի Գիսանեի ողբերգական ընտրության մեջ, որ ամուսնացավ կրակի հետ և հեռացավ անզավակ…
Մտածում եմ, սակայն, որ Գիսանեն թերևս ճիշտ կաներ, որ զենք վերցներ, ձի հեծներ և հայ զինվորների հետ կռվեր հռոմեացի հաջորդ նվաճողի՝ Պոմպեոսի դեմ:
Իհարկե, նա կարող էր զոհվել և այդ կերպ անմահանալ: Կարող էր նաև կենդանի մնալ և այդպես առնել իր զոհված փեսացուի վրեժը, ինչպես որ բոլորովին վերջերս՝ Գիսանեից երկու հազար տարի հետո հայ աղջիկներն էին կռվում Ղարաբաղում հայ ազատամարտիկների կողքին:
Այո՛, կարող էր նաև այդպես լինել:
Սակայն երկու հազար տարվա հեռավորությունից հեշտ է նստել գրասեղանի առաջ և որոշել, թե ցավից ազատվելու ի՞նչ ձև կարող էր ընտրել արքայադուստրը:
Այո՛, հեշտ է: Դժվարը, թերևս, ներկան ձևակերպելն է և ճիշտ կողմնորոշվելը, ազատվել մեզ տանջող հարյուրամյա ցավից՝ ազատագրելով մեր ցավ-կորուստները, և ոչ թե ազգովի ամուսնանալ կրակի հետ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
27.04.2018
Դուք կարող էք՞ ողորմածիկ Գիսանեին հանգիստ թողել, ու առանց գեղարվեստական ճոռոմաբանության, սովորական մահկանացուներին հասկանալի լեզվով մեկնաբանել ձեր գրածը:
re>..Նմանակերպ պահանջ մեզ մոտ էլ է հնչեցվում: Ումի՞ց ազատ, ինչի՞ց ազատ, ներսի՞ց, թե՞ դրսից ազատ, անկեղծ ասած, չգիտեմ, քանի որ ես վախենում եմ անսանձ, անհեռանկար ազատությունից:
այսինքն, դուք գերադասում էք ամենօրյա հստակ գրաֆիկով ստրկությունը՞: Ժողովուրդը դուրս ա եկել ու ասում ա որ ուզում ա ազատվել շատ հստակ բաներից –
– թալանչի, լպիրշ, սեփական ժողովրդի կաշին քերթող, իսկ օտարի առաջ “լալ ու քյառ”, անկախությունը օր-օրի ծախող իշխանությունից,
– ծախու դատավորներից, թարախակալած արդարադատությունից
– երկիրը կործանելու չափ վտանգավոր դարձած գողական համակարգից ու իրա “թաղի խուժան” կոչվող բանակից
եւ այլն, եվ այլն
Ձեր համար սրանք անհասկանալի պահանջներ են՞: ՈՒ ուզում եք որ ջահելները նման պահանջներ դնելուց ձեր նման “հեռատեսորեն” վախենան՞: Դա ա ձեր քարոզը՞: Դուք չեք՞ հասկանում որ այս ախտերից ազատվելը, դրա համար պայքարելը, արդեն իսկ սքանչելի հեռանկար ա:
re>..ազատվել մեզ տանջող հարյուրամյա ցավից՝ ազատագրելով մեր ցավ-կորուստները, և ոչ թե ազգովի ամուսնանալ կրակի հետ:
Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ, ԻՄԱՍՏՈՒՆ ԱՅՐ, կարող եք՞ ավելի հոդաբաշխ, ՔԱՅԼ-ՔԱՅԼ ԵԹԵ ԿԱՐԵԼԻ Ա, բացատրել թե ինչ ասել ա “ազատագրելով մեր ցավ-կորուստները” “ազատվել մեզ տանջող հարյուրամյա ցավից”՞՞՞՞
ԵՒ 2-րդ – ողորմացեք իմ նման բթամիտներին ու մանրամասը բացատրեք թե ինչու եք գտնում որ Նիկոլի ու ժողովրդի արդար պահանջները հավասարազոր են տանջալի ինքնասպանության՞՞՞՞