Լրահոս
Օրվա լրահոսը

Ականատես եղանք դիպվածքների, երբ ոստիկանները ակնհայտորեն չկատարեցին այդ պարտավորությունները

Ապրիլ 28,2018 13:00

Չնայած վարչապետը հեռացավ, մինչդեռ պետական իշխանությունը դե ֆակտո տնօրինում է ՀՀԿ քաղաքական կուսակցությունը, որը խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, անկասկած կպայքարի վարչապետի թափուր պաշտոնի եւ իշխանությունը պահպանելու համար: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պարագայում ողջ կառավարությունը հետեւեց նրան եւ իշխանությունը փոխանցվեց սահուն եւ անցնցում՝ քաղաքակիրթ ձեւով: Նկատենք, որ դեռեւս ՀՀԿ-ի վերահսկողության տակ են գտնվում բոլոր ուժային կառույցները եւ բացառված չէ, որ ժողովրդական շարժումը կոտրելու դիտավորությամբ նրանք կրկին գործադրեն բռնություններ եւ քրեական տեռոր: Իմիջիայլոց, ՀՀԿ վերնախավը՝ փոխվարչապետ Կարեն Կարապետյան, Ազգային ժողովի խոսնակ Էդուարդ Շարմազանով, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան եւ այլք, իրենց գոհունակույթունն են հայտնել խաղաղ հավաքների ընթացքում ուժայինների ձեռնարկած ողջ գործողությունների վերաբերյալ:

Հիմա դիտարկենք այդ թեման. արդյոք իրավաչա՞փ էին ուժայինների գործողությունները, թե՞ ոչ: Այսպես.

1. Խաղաղ հավաքների ընթացքի տեսագրություններից նկատվեց, որ հավաքի մասնակիցներին բերման ենթարկելիս ուժայինները ակնհայտ ապավինելով կտտանքների, բռնությունների, դաժանության եւ մարդու արժանապատվությունը նսեմացնող մեթոդներին, սահմանափակում էին ՀՀ սահմանադրությամբ, միջազգային իրավունքի հանրահայտ նորմերով եւ միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

2. Ոստիկանը պարտավոր է անհետաձգելի օգնության հասնել յուրաքանչյուրին, ովքեր հանցավոր գործունեությունից պաշտպանվելու կարիք ունեն: Ցավոք, ականատես եղանք դիպվածքների, երբ ոստիկանները ակնհայտորեն չկատարեցին այդ պարտավորությունները, իսկ առանձին դեպքերում էլ իրենք կատարեցին արգելված իրավախախտումներ: Օրինակ, հանցավոր խմբի կողմից ոստիկանների աչքի առաջ լրագրող Տիրայր Մուրադյանին դաժանորեն ծեծելու, ոստիկանների կողմից ուրիշի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենային վնաս պատճառելու դեպքերը եւ այլն:

3. Ոստիկանության աշխատակիցները պատշաճ չկատարեցին նաեւ Ոստիկանության մասին օրենքով ամրագրված քաղաքացուն դիմելու կանոնները, իսկ բերման ենթարկվող քաղաքացիներին չտեղեկացրին դրա առիթն ու նպատակը, ինչը նմանվեց մարդաորսի:

4. Նկատվեց, որ հատուկ հրահանգավորման եւ արհեստավարժության բացակայության պատճառով ուժայինները չէին տիրապետում առանձին դեպքերում (անհրաժեշտ պաշտպանություն, ծայրահեղ անհրաժեշտություն եւ այլն) իրավախախտի նկատմամբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն կիրառելու կարգին: Օրինակ, Բաղրամյան փողոցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով մուտք գործելու նպատակով երբ հաղթահարեց փշալարերի արգելքը, ոստիկանության աշխատակիցները անհապաղ կիրառեցին հատուկ միջոցներ, որի հետեւանքով բազմաթիվ ոստիկանների եւ քաղաքացիների առողջությանը պատճառվեց վնաս: Ըստ կանոնակարգի՝ ոստիկանության աշխատողը հատուկ միջոցներ կիրառելուց առաջ պարտավոր է անձին կամ անձանց, որոնց նկատմամբ կիրառվում է միջոցը, դրա մասին տեղեկացնել եւ հնարավորություն ու ժամանակ տրամադրել կատարելու ոստիկանի օրինական պահանջը:

Իմ պատկերացմամբ՝ խաղաղ հավաքների եւ ցույցերի ընթացքում ուժային կառույցների ձեռնարկած գործողությունները անհամաչափ էին եւ կասեցման ենթակա (բարեբախտաբար, չունեցանք ծանր հետեւանքներ):

Կարծում եմ՝ ոստիկանությունը եւ այլ ուժային կառույցները քաղաքականացված են եւ օգտագործում են քաղաքական բողոքները ճնշելու համար, ինչը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, ինչպես նաեւ ազդում է այդ կառույցների գործունեության հիմնական ուղղությունների պատշաճ իրականացմանը, հասարակության վստահության եւ քաղաքացիների աջակցության կարեւոր հանգամանքին: Միաժամանակ թշնամանք է առաջացնում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: Հորդորում եմ ճակատագրական այս պահին ցուցաբերել կամք եւ տոկունություն:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա

«Առավոտ»

27.04.2018

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30