Ազնավուրյան համերգից՝ Արցախ, ապա պետական նշանակության նախագծեր
«Առավոտին» հասած տեղեկություններով՝ ապրիլի 24-ին Մարզահամերգային համալիրի ճեմասրահում նախատեսված 246 երգիչներից կազմված Համահայկական երգչախմբի համերգը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկարակցությամբ,Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թոփչյանի եւ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, հետաձգվել է եւ կկայանա մայիսին: Երգչախմբում ընդգրկված են Հայաստանի եւ Արցախի բոլոր պետական ու Սիրայից հրավիրված երգչախմբերը:
Ծրագրում Կոմիտասի, Եկմալյանի, Խաչատրյանի, Հովհաննիսյանի, Մանսուրյանի, Ամիրխանյանի, Մոցարտի, Վերդիի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ են: Մեկ այլ մասշտաբային նախագիծ էլ նախատեսված է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, մայիսի 9-ին: 21 երկրի 87 հայ երաժշտից կազմված Համահայկական նվագախումբը Հայաստանի եւ Արցախի երգչախմբերի հետ համատեղ, Կոնստանտին Օրբելյանի, Էդուարդ Թոփչյանի, Սերգեյ Սմբատյանի, Վահան Մարտիրոսյանի, Կարեն Դուրգարյանի եւ Գեւորգ Մուրադյանի ղեկավարությամբ կներկայացնեն հատուկ այս նախագծի համար գրված Ռոբերտ Ամիրխանյանի ու Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործույթուններ, ինչպես նաեւ կներկայացվեն Տիգրան Չուխաջյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Արմեն Սմբատյանի, Արթուր Գրիգորյանի եւ այլ հեղինակների երկերը:
Իբրեւ մենակատարներ հրավիրված են օպերային ճանաչված երգիչներ, այդ թվում՝ Լիպարիտ Ավետիսյանը, Գուրգեն Բավեյանը, Հովհաննես Այվազյանը, Պերճ Քարազյանը, ինչպես նաեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Ծանոթանալով հրավիրված երգիչների ցանկին, մեզ հետաքրքրեց Տիգրան Քախվեջյանը, որին առաջին անգամ հանդիպել ենք 2017թ., Երեւանում կայացած Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող երգիչը հանդես եկավ ազնավուրյան «Սիրում եմ Փարիզը մայիսին» հիթով՝ Ալյա Սեդրակյանի հետ դուետով: Մեր տեղեկություններով՝ ազնավուրյան երեկոյից հետո երգիչը քանիցս հանդես է եկել արցախյան զորամասերում, կոնսերվատորիայում (պրոֆեսոր Առնոլդ Քոչարյանի դասարան) ուսումը զուգահեռելով ճարտարապետաշինարարական ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետում:
Մեզ հետ հանդիպման ժամանակ Տիգրանը հաստատեց արցախյան զորամասերում իր համերգների մասին լուրը ու հավելեց. «Ազնավուրյան համերգից հետո մասնակցել եմ Շուշիի մշակույթի պալատում կայացած «Արցախյան հերոսներից մերօրյա հերոսներ» թատերականացված երեկոյին, որտեղ ներկա էին Շուշիի ազատագրումից մինչեւ քառօրյա պատերազմի մասնակից մեր հերոսները: Այս ծրագիրը նախաձեռնել էր ճարտարապետաշինարարական համալսարանը: Առաջին անգամ հանդես եկա ինձ համար գրված «Իմ հայրենիք» երգի կատարմամբ, որի հեղինակներն են Կարեն Մարգարյանն ու Սրբուհի Ստամբոլցյանը: Ընդ որում, Շուշիից հետո այս նախագիծը շրջեց երեւանյան որոշ բուհերում նույնպես, այդ թվում՝ նաեւ ռազմական»:
Ստեփանակերտում մայիսի 9-ին կայանալիք համերգի առիթով մեր զրուցակիցը հայտնեց, որ դարձյալ հանդես կգա դուետով, այս անգամ օպերային երգչուհի Ջուլիետա Ալեքսանյանի ընկերակցությամբ: Նշեց նաեւ, որ մեծ պատիվ է ներկայացնել Հովհաննես Թումանյանի խոսքերով եւ Ալեքսանդր Հարությունյանի երաժշտությամբ «Հայրենիքիս հետ» երգը: Դիտարկմանը, թե կարիերայի առաջին քայլերը կարծես ավելի շատ հարում են շոու-բիզնեսին, Տիգրան Քախվեջյանը շրջանցելով հայտնեց միայն. «Ցանկություն ունեմ կոնսերվատորիան ավարտելուց հետո կատարելագործվել ԱՄՆ-ում՝ որպես դասական երգիչ»: Հիշեց նաեւ, որ երբ սովորում էր Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցում, երգչախմբի կազմում մասնակցելով Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոյին, կոմպոզիտորը փորձերի ժամանակ քանիցս դիմել է իրեն, ասելով՝ շատ հետաքրքիր տեմբր ունես. «Այնքան էր ասում, որ անհարմար էի զգում…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
27.04.2018