BBC-ի փոխանցմամբ, Գերմանիայում չեղյալ է հայտարարվել 1992 թվականից անցկացվող ECHO երաժշտական մրցանակաբաշխությունը՝ կապված Kollegah եւ Ֆարիդ Բանգո դուետին լավագույն հիփ-հոփ ալբոմ անվանակարգում մրցանակ շնորհելու հետ: Բանն այն է, որ «0115» ալբոմում զետեղված երգերից մեկը անտիսեմական շեշտադրումներ ուներ, այնտեղ անդրադարձ կար Հոլոքոստին եւ համակենտրոնացման ճամբարների բանտարկյալներին:
Գերմանիայի երաժշտական ինդուստրիայի անունից հայտարարություն է արվել, որ չեն ցանկանում մրցանակաբաշխությունը ծառայի որպես հարթակ հակասեմիտական տրամադրություններ տարածելու համար: Նաեւ ասվում է, որ ECHO բրենդին մեծ վնաս է հասցվել, հետեւաբար պետք է այն վերացնել եւ ամեն ինչ նորից սկսել: Բազմաթիվ մրցանակակիր երաժիշտներ՝ ի նշան բողոքի, վերադարձրել էին իրենց ստացած մրցանակները:
Իսկ ինչ տողեր էին աղմկահարույց երգում: «Իմ մարմինն ավելի ռելիեֆային է, քան Օսվենցիմի բանտարկյալներինը», «Ես եւս մեկ Հոլոքոստ կարարեմ»՚ նման ձեւակերպումները զայրույթ էին առաջացրել:
Համաշխարհային ճանաչում ունեցող բեռլինաբնակ հրեա դիրիժոր Դանիել Բերենբոյմը հայտարարել էր, որ վերադարձնում է իր մրցանակները, այդպիսով բողոքն արտահայտելով մրցանակակիր ռեփերների տողերի դեմ, որոնք այլատյացություն են քարոզում, ատելություն եւ վիրավորում են մարդկային արժանապատվությունը: Նույն կերպ իրենց մրցանակներն են վերադարձրել գերմանացի դաշնակահար Իգոր Լեւիտը, ճանաչված նկարիչ, երաժիշտ եւ երաժշտական պրոդյուսեր Կլաուս Ֆորմանը, որը հայտնի է որպես The Beatles խմբի Revolver ալբոմի շապիկի ստեղծող:
Իսկ ամենաուժգին քննադատությունը հնչել է գերմանական Die Toten Hosen պանկ-ռոք խմբի մենակատար Կամպինոյի շուրթերից, որը նույնպես մրցանակ է ստացել: Նա անթույլատրելի է որակել նման դրսեւորումները:
Իսլամ ընդունած Kollegah-ն ասել է, որ բնավ նպատակ չի ունեցել քաղաքական կրքեր բորբոքել եւ ներողություն է խնդրել:
Աղմկահարույց ալբոմի ավելի քան 200000 օրինակ թողարկած BMG ձայնագրման ընկերությունը նշել է, որ միջոցներ կտրամադրի հակասեմիտիզմի դեմ պայքարին:
Իմիջիայլոց, մայիս ամսին ECHO-ն պետք է մրցանակներ շնորհեր նաեւ ջազային եւ դասական երաժշտության անվանակարգերում, սակայն ինչպես վերեւում նշվեց, այլեւ չի կայանալու:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ճանաչված հայ դաշնակահար Տիգրան Համասյանը Deutsche Phono-Akademie-ի (Ձայնագրման գերմանական ակադեմիա) կողմից ճանաչվել էր հեղինակավոր ECHO Jazz 2016 Awards-ի մրցանակակիր՝ «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) Mockroot ալբոմի համար։
Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ»
27.04.2018