Գյումրու Վարդանանց հրապարակում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու էին եկել Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզի տարբեր քաղաքների ու գյուղերի բնակիչներ․ Գյումրիում երևի թե ՀՀ անկախությունից հետո այսքան բազմություն չէր հավաքվել։ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին բուռն ծափահարություններով՝ անդադար բացականչելով «Նիկոլ վարչապետ»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացին հաղթել է և հաղթել է անվերապահորեն ու այլևս երբեք չի պարտվելու։ «Որևէ մի կասկած չկա, որ ահա այս հզոր ու ոգեղեն ժողովուրդը հաղթելու է Ղարաբաղյան հակամարտությունը: Որևէ մի կասկած չկա, որ այս հզոր ժողովուրդը հաղթելու է կոռուպցիային: Որևէ կասկած չկա, որ այս ժողովուրդը հաղթելու է աղքատությանը: Որևէ կասկած չկա, որ այս ժողովուրդը հզոր հաղթանակներ է տանելու տնտեսության բնագավառում: Որևէ կասկած չկա, որ հզոր այս ժողովուրդը դադարեցնելու է դեպի արտերկրից իր քայլարշավը և սկսելու է մի մեծ երթ աշխարհի բոլոր անկյուններից դեպի այս սիրելի, դեպի անզուգական, դեպի երջանիկ հայրենիքը։
Շատերը փորձում են այսօրվա օրակարգը ներկայացնել պրիմիտիվացված ձևով, շատերին թվում է, թե հարցն այն մասին է, թե ով կզբաղեցնի վարչապետի աթոռը։ Չեն հասկանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները։ Այսօր Հայաստանի քաղաքացին ուղղել է իր մեջքը, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, նրա բազուկները և միտքը հզոր են, նա վստահ հայացքով նայում է ապագային»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ ժողովրդի այս հաղթանակը անշրջելի և երաշխավորված դարձնելու համար կա մի ճանապարհ․ այն է՝ ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելը։ «Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որ չի ջարդելու, չի կոտրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը և հաղթանակի զգացողությունը, ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից»։ Նա նաև ասաց, որ ժողովրդի հաղթանակը պետք է դե յուրե հաստատվի մայիսի 1-ին Աժ-ում տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, իրեն հարցնում են, թե ինչ ճանապարհ կա այս ճգնաժամը լուծելու, և ինքը պատասխանում է՝ կա մի կարճ գործողություն՝ բացատրել Կարեն Կարապետյանին, որ ինքը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։
«Այն երկիրը, որտեղ որևէ հանրապետական կարող է լինել վարչապետ կամ նախագահ, այդ երկիրն այլևս գոյություն չունի։ Սա ուրիշ Հայաստան է: Սա հաղթանակած քաղաքացու Հայաստանն է: Սա հաղթանակած սիրո Հայաստանն է: Սա հաղթանակած միասնության Հայաստանն է: Եվ ես հույս ունեմ՝ կա ինչ-որ մեկը, որ Կարեն Կարապետյանին և մյուս հանրապետականներին ցույց կտա, թե ինչ էր կատարվում ճանապարհներին, երբ մենք Երևանից Գյումրի ճանապարհը հաղթահարեցինք չորս ժամում։ Կարեն Կարապետյանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրվելու փորձը նշանակում է, որ նա ինքն իրեն հռչակում է տեղատարափ անձրևի տակ ժամերով կանգնած այս հերոսա՞կան ժողովրդի թշնամի», -ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ դեռ մնացել են մարդիկ, որոնք ասում են ՝ կտրուկ գործողությունների ժամանակն է, ժամանակ պետք չէ կորցնել, բայց կտրուկ գործողություններն ու այս պատմությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, վաղուց ավարտված են, միայն թե ոմանք Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի գլխավորությամբ խաղում են ժամանակի վրա։ «Եվ ևս 3 րոպե, ևս 4 րոպե, ևս 5 րոպե կարող եք ձգել , բայց ձեր եզրափակիչ սուլիչը սուլելու է անխուսափելիորեն և շատ շուտով»,- նախազգուշացրեց Նիկոլ Փաշինյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հույս ունենանք, որ ժողովուրդը խելամիտ կգտնվի և չի թույլ տա, որ Նիկոլի պես կարճատես և պրիմիտիվ մարդը դառնա երկրի ղեկավար…
քո պես հայրենասերի ձայնը թող ընդմիշտ կտրվի
Դուք ընկեր հայրենասեր վիրավորում էք այն հազարավոր մարդկանց ովքեր այսօր Նիկոլի շնորհիվ դուրս եկան պայքարելու իրենց իրավունքների համար..