Վաղը Թալիշում տեղի կունենա հարսանիք` առաջին անգամ ապրիլյան պատերազմից հետո: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:
Համայնքապետի խոսքով թալիշցիներ Տիգրան Պետրոսյանի և Լիլիթ Բիրուզյանի հարսանեկան արարողությունը կազմակերպվում է հանրապետության նախագահի անմիջական հովանավորությամբ:
Մեզ հետ զրույցում Տիգրանը պատմեց, որ 2016-ի ապրիլից հետո իր և իր հարսնացուի ընտանիքները ստիպված էին ապաստանել Արցախի տարբեր բնակավայրերում`Ասկերանի և Մարտակերտի շրջաններում:
«Վերջին մեկ տարում ես ինքս բնակվում եմ Թալիշում`արդեն մեր հիմնական տանը, որը պատերազմից հետո վերակառուցել ենք: Այժմ բացի նրանից, որ ծառայում եմ ՊԲ զորամասերից մեկում, նաև ակտիվորեն ներգրավված եմ Թալիշի վերականգնմանը ուղղված շինարարական աշխատանքներում»,- նշեց Տիգրանը:
Նա վստահեցրեց, որ հարսանիքից հետո, կարճ ժամանակ անց, վերաբնակություն է հաստատելու Թալիշում:
«Ամուսնանալուց հետո անպայման մշտական վերաբնակություն ենք հաստատելու Թալիշում, որպեսզի մնացած թալիշցիները, տեսնելով մեզ, վստահորեն վերադառնան այստեղ»,- ասաց նա:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ