Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրիստների մի խումբ այցը չեղարկել է, մի խումբ հետաձգել է հունիս-հուլիս ամիսներին, բայց մի խումբ էլ գալիս է

Ապրիլ 27,2018 19:45

«Եթե այսպես 10-15 օր էլ շարունակվի, զբոսաշրջային բիզնեսը վնասներ կկրի: Հետո ոչ ոք այդ վնասները բիզնեսին չի փոխհատուցելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Visit Armenia» ընկերության հիմնադիր Վլադիմիր Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել էր , որ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով զբոսաշրջիկների ու ներդրողների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ մարում է, եւ, եթե այսպես շարունակվի տնտեսական վնասները վերականգնելը երկար ժամանակ է պահանջելու: Վարչապետը մասնավորապես՝ նշել էր. «Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում եւ տեսնում եմ, ինչքանով է ընկնում զբոսաշրջիկությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը»:

Aravot.am-ը մի քանի տուրընկերությունների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու թե ինչպիսի վնասներ են կրել այս օրերին կամ՝ առհասարակ վնասներ կրել են, թե՝ ոչ:

Մեզ հետ զրույցում, Վլադիմիր Գեւորգյանը ասաց, որ որքան էլ բողոքի ցույցերն ընթանան խաղաղ պայմաններում, այդուամենայնիվ, դրանք բացասական հետեւանք են թողնում բիզնեսի վրա: Ըստ մեր զրուցակցի, իրենց ընկերությունն արդեն իսկ որոշ վնասներ կրել է. տուրիստների մի խումբ այցը չեղարկել է, մի խումբ հետաձգել է հունիս-հուլիս ամիսներին, բայց մի խումբ էլ գալիս է. «Անկայուն վիճակն իր հետքը թողելու է:

Նմանատիպ ցնցումներն անդրադառնում են զբոսաշրջության վրա, այն ամենազգայուն ոլորտն է, քանի որ խոսքը մարդու առողջության եւ անվտանգության մասին է: Մեր երկիրը դրսում ներկայացնելիս ասում ենք, որ Հայաստանը ամենաապահով երկիրն է, եւ, եթե գիշերը դրսում ձեզ կարող են անհանգստացնել, ապա դա կարող է լինել միայն կոմպլիմենտ»:

Պարոն Գեւորգյանի խոսքով, իրենց ոլորտում արդեն իսկ որոշակի անկում նկատվում է՝ չնայած, որ փորձում են դրսում բոլորին հանգստացնել՝ ասելով, որ մեր երկրում իրավիճակը նորմալ է. «Մի քանի տեսահոլովակ ենք նկարել, որ մեզ մոտ ամեն բան հանգիստ է, բայց միեւնույն է, դրսի մեր գործընկերներն անհանգիստ են»:

Պարոն Գեւորգյանի խոսքով. «Ամենավատն այն է, որ մենք տարեկան 10-15 միլիոն դրամ ներդրում ենք անում, որպեսզի դրսում ցուցահանդեսների մասնակցենք, մեր երկիրը ներկայացնենք, գովազդային հոլովակներ ենք պատրաստում եւ, այսօր եկել է այն պահը, որ պետք է գումար աշխատենք: Առայժմ վնասները ակնհայտ չեն, բայց, եթե մի քանի օր էլ այսպես շարունակվի, մինուս կգնանք: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրացնում են իրենց բողոք արտահայտելու իրավունքը, բայց, երբ այս ամենը վերջանա, ոչ ոք մեր բիզնեսի կրած վնասները չի փոխհատուցելու»:

Վլադիմիր Գեւորգյանը ցույցի կազմակերպիչներին հորդորում է ակցիաները հստակ ժամերի ծրագրել եւ այդ մասին տեղեկացնել, որպեսզի զբոսաշրջային ընկերությունները կարողանան տուրիստների գրաֆիկն այնպես կազմակերպել, որ անհարմարություններ չկրեն. «Եթե այդ օրը, այդինչ ժամին ասենք՝ Էջմիածին տանող ճանապարհը փակվելու է, նրանց չտանենք Էջմիածին կամ, եթե Մյասնիկյան պողոտան են փակելու, այդ մասին տեղեկացված լինենք, որ տուրիստը ժամերով չընկնի խցանման մեջ ու սպասի ճանապարհի բացվելուն»:

Վլադիմիր Գեւորգյանը հիշեցնում է, որ նմանատիպ խնդրի առաջ են կանգնել նաեւ «Սասնա Ծռերի» դեպքերի ժամանակ: Ըստ նրա, յուրաքանչյուր նման ցնցումներից հետո առնվազն երեք տարի է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ սկսեն վստահեն տվյալ երկրին:

Ընկերություններից մեկի պատասխանատուն էլ, որը խնդրեց անուն չհրապարակել, ասաց, որ իրենք զբաղվում են ներգնա եւ արտագնա տուրիզմով, սակայն մինչ այս պահը չեղարկումներ, տուրփաթեթների վերադարձ չեն ունեցել:

Այդուհանդերձ մեր զրուցակիցն ասաց, որ դրսի գործընկերներն արդեն սկսել են պարբերաբար հարցուփորձ անել՝ հասկանալու համար Հայաստանում ինչ իրավիճակ է:
Մեր հարցին, թե զբոսաշրջիկներն ինչպե՞ս էին արձագանքում ցույցերին, քանի որ եղել են դեպքեր, երբ տուրիստներով ավտոբուսը մնացել էր ցուցարարների կողմից փակված ճանապարհին, տուրընկերության պատասխանատուն ասաց, որ աշխատել են ծրագիրն այնպես կազմել, որ նման խնդրի առաջ չկանգնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ան որ ավիատոմսերը ապահոված էր, չեղարկում է… ան որ ավիատոմսեր դեռ չէր ապահոված, անհնար է որ ապահովէ, իր ու ընտանիքին արձակուրդը այլ վայրում կը ծրագրէ… ո՞վ իր զաւակները պիտի ուղարկէ մի այդպիսի տեղ, այդպիսի սաստիկ լարուած կացութեան մէջ… ամենալաւատես պարագային անգամ, այս խնդիրը մի քանի ամիսից լուծուելու բան չի… եւ կայ նաեւ պատերազմի լուրջ հաւանականութիւնը… ամէն դէպքում, այս տարի, Երեւանցիները իրենք իրենց կ’անցկացնեն իրենց ամառը… թերեւս մի քանի պարսիկ այցելուների հետ, որոնք վարժ են անբնական միջավայրի… ձեր թաւիշն ալ ձեր գլխուն անցուցէք…

  2. Հ.Շ. says:

    պատերազմի բարձր հաւանականութիւնը դեռ մէկդի դնելով՝ ներքին լարուածութիւններ չափազանց ծանր են, նոյնիսկ եթէ այս պահին մի կողմը միայն փողոցներն է…մինչեւ հիմա գոնէ, արիւն չհոսեցաւ, սակայն ըսել չէ որ տակաւին պիտի չհոսի… այս պատմութիւնը արագօրէն պիտի չվերջանայ, եւ նոյնիսկ եթէ ջանանք լաւատես մնալ՝ it will get worse before it gets better, ներքին գետնի վրայ… քսան տարիներէ ի վեր իշխանութեան տէր կուսակցութիւն մը, իր բոլոր հետեւորդներով, օլիկարգներով, լծակներով, եւ այլն., սուսիկ-փուսիկ պիտի չանհետանայ… հակառակ ուղղութեամբ ալ, purge տեղի պիտի ունենայ, հաշիւներ պիտի մաքրուին… դեռ աւելին՝ յեղափոխականները կարող են սկսիլ իրարու դէմ կռուիլ… 1920-21-իից ի վեր, այս աստիճանի ծանր ճգնաժամ չեն ունեցել… եւ մարդիկ իրենց ամառնային արձակուրդը Երեւան պիտի երթան անցկացնելու… գոնէ եթէ գործօն օդակայան լինէր Արցախում… գոնէ այդտեղ վտանգը դրսից է…

    • Հ.Շ. says:

      «Երեւա՞ն պիտի երթան… » գրել կ’ուզէի անշուշտ… որպէս rhetorical question… քանզի այդ «թաւիշով» արտասահմանի հայերին աչքերը ծածկել անհնար է… նաեւ, ջայլամներ չենք… ի դէպ, դրսից անոնք որ խանդավառօրէն ծափահարում են, հրաւիրեցէք զանոնք, թող գոնէ անոնք երթան, նայինք, Երեւան… իսկ այդ Արսինէ-մարսինէները, քանի՞ օր մնալու են կը կարծէք դեռ այդտեղ… վերջապէս, խիստ զբա՜ղ, հռչակաւոր մարդիկ են… կրակին վրայ քիչ մը յուղ կը թափեն, յետոյ first class օդանաւով, շամբանյի բաժակ մը ձեռին, կը վերադառնան իրենց նորմալ աշխարհը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30