Ապրիլի 23-ից մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2007 թվականից: Ամենամյա միջոցառումների նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության և կանխարգելիչ նշանակության մասին, ինչը բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու ամենաարդյունավետ միջոցներից է: Նախաձեռնության այս տարվա կարգախոսն է՝ պատվաստումները կարևոր են` որպես անհատի իրավունք և հանրության նկատմամբ սոցիալական պատասխանատվություն:
Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել բրիֆինգ: ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշել է, որ պատվաստումների շնորհիվ Հայաստանում այլևս չեն արձանագրվում դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, իսկ համաճարակային պարոտիտն արձանագրվում է եզակի դեպքերում: Անդրադառնալով ուղերձներից առաջինին՝ անհատի իրավունքին, Գայանե Սահակյանը պարզաբանեց. «չպատվաստված երեխան, որը հետագայում մտավոր ու ֆիզիկական խնդիրներ կարող է ձեռք բերել, իրավունք ուներ առողջ լինելու, որոշում կայացնողն ու պատասխանատուն ծնողն է»:
Սոցիալական պատասխանատվությունը ենթադրում է պատվաստվածների պատասխանատվությունը այն մարդկանց հանդեպ, որոնք պատվաստումների հանդեպ հակացուցումներ ունեն:
Հայաստանում պատվաստումների ցուցանիշները բավականին բարձր են: Մանկական անհրաժեշտ պատվաստումներ ստացածները կազմում են հասարակության 91%-ը: Ի տարբերություն հարևան երկրների` Հայաստանում 2000 թվականից չի արձանագրվում դիֆթերիա: Ուկրաինայում այսօր հայտարարել են կարմրուկի համաճարակի մասին, մեկ շաբաթում 1070 դեպք է գրանցվել: Մեր երկրում մի քանի ամսում կարմրուկի 17 դեպք է գրանցվել: Գայանե Սահակյանը նշեց, որ խոցելի խմբում մեծահասակներն են:
Նշենք, որ Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում մեր քաղաքացիները կստանան SMS հաղորդագրություններ: Այն մարդիկ, որոնք վերջին տասը տարվա ընթացքում դիֆթերիայի և փայտացման դեմ չեն պատվաստվել, հրավիրվում են պոլիկլինիկաներ անվճար պատվաստվելու:
ՀՀ առողջապահության նախարարություն