«Ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում, բայց համենայնդեպս, նորմալ եմ այդ երեւույթի նկատմամբ. Պատգամավորները իրենց սկզբունքներն ունեն, իրենք սկզբունքային են եւ ես չեմ կարծում, որ նման զանգերը կարող են մտքափոխ անել քաղաքական գործչին, որովհետեւ քաղաքական գործիչը շարժվում է սկզբունքներով եւ դա արդեն իսկ նշանակում է, որ ինքն ունի իր դիրքորոշումը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան`անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` պատգամավորներին կապիտուլյացիայի ենթարկելու հայտարարություններին:
Հիշեցնենք, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ չկայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր`իմաստ ունի բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակել ու քաղաքացիները փորձեն իրենց պատգամավորների հետ կապ հաստատել եւ նրանք ներկայացնեն իրենց դիրքորոշումները:
Նկատեցինք`կարող են տների մոտ հավաքվել, հայտարարություններ անել, զանգել եւ սպառնալ ու դա կարող է կաշկանդել: «Չեմ կարծում, որ նման երեւույթները կարող են քաղաքական գործչի սկզբունքայնության վրա որեւէ ազդեցություն ունենալ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այդ քայլերը հակառակ ազդեցությունը կարող են ունենալ: Ամեն դեպքում, ինքը չի համարում, որ դա այն ճանապարհն է, որը տանում է խաղաղ եւ բանակցային գործընթացների: Իրենք մնում են իրենց դիրքորոշմանը` հարցերը պետք է խորհրդարանում լուծվեն:
«Մենք վերջնագրերով, պարտադրանքներով որեւէ բանակցություն չենք տանելու»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ սպասում են հանրապետության նախագահի մոտ ընթացող քաղաքական խորհրդակցությունների արձագանքներին, որոնց հիման վրա խմբակցությունում որոշումներ կկայացնեն:
Մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ