Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ համարում, որ ճնշումների արդյունքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը». Գեւորգ Կոստանյան

Ապրիլ 27,2018 18:10

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է չափազանց մտահոգիչ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրադարձությունների զարգացման ներկայիս փուլին, նա ասաց. «Ես ոչ թե մտահոգվում եմ իշխանության համար: Դրա քննարկումն էլ ավելորդ եմ համարում: Խոսում եմ այն մասին, որ այս գործընթացն ինքնին ի՞նչ հետեւանքներ ունի պետության եւ պետականության համար, մեր`միջազգային կազմակերպություններում աշխատանքի վրա»:

Նա վստահ է, որ ադրբեջանական եւ թուրքական լոբբին անպայման կօգտագործեն այս հնարավորությունը, միջազգային կառույցներում հայաստանցի պաշտոնյաների եւ պատգամավորների բացակայությունը`հօգուտ սեփական շահերի: Ավելին, ահազանգեր արդեն ստացել է:

Գեւորգ Կոստանյանն ասել էր`բացառում է, որ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու որոշում կայացնի: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`Սերժ Սարգսյանի նկատմամբ համաժողովրդական ճնշում գործադրվեց եւ նա հրաժարական տվեց`ինչո՞ւ այդ նույն ճնշումը չի կարող գործադրվել նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների վրա: Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ համարում, որ ճնշումների արդյունքում հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, որովհետեւ ադրբեջանցիները տարիների ընթացքում իր նկատմամբ չեն կարողացել ճնշում գործադրել: Ապա`ճնշումներով երբեք, ոչ մի որոշում չի կայացվում»: Սրանով է նա պայմանավորում այն, որ միջազգային հանրությունը միշտ ասում ի`հարցերը պետք է լուծվեն սահմանադրական-իրավական ճանապարհով, իսկ այդ ճանապարհը ճնշումներ չի ենթադրում:

Ինչո՞ւ հրաժարական տվեց`հարցին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Նախագահը բացատրություններ տվեց»: Իսկ այն, որ այդ բացատրության մեջ Սերժ Սարգսյանն ասում էր`«Նիկոլը ճիշտ էր, ես սխալ», Գեւորգ Կոստանյանն այսպես է բացատրում. «Դա ճնշման խնդիր չէր: Ես կարծում եմ`ինձ չպետք է հարցնեք, բայց ես գիտեմ, որ դա ճնշման խնդիր չէր: Անհնար է, որ Սերժ Սարգսյանի նման պետական գործիչը, որն իր պաշտոնավարման ընթացքում զբաղեցրել էր շատ ու շատ առանցքային պաշտոններ, այդ թվում իրավապահ համակարգում, նա չէր կարող չտիրապետել իրավիճակին»:

Այն, որ շարժումը սահմանադրական`օրենքով թույլատրելի տարբերակներով չճնշվեց, Գեւորգ Կոստանյանը չի համարում իրավիճակին չտիրապետելու արդյունք: «Սերժ Սարգսյանի հրաժարականը կապված չէր եւ չէր էլ կարող կապված լիներ ճնշման հետ, որովհետեւ ինքը բնույթով ճնշումների ենթարկվող չէ»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեքսանդր says:

    …ադրբեջանցիները տարիների ընթացքում իր նկատմամբ չեն կարողացել ճնշում գործադրել..:

    Համեմատում է ամբողջ հայ ժողովրդին ադրբեջանցիների հե՞տ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30