Երեկ ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում գործող սրճարաններից մեկում վիճաբանություն է եղել: Այն սկսվել է մի քանի երիտասարդների եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի 15-ամյա որդու՝ Միքայել Սաքունցի միջեւ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը եւս ներկա է եղել հանդիպմանը: Նրա խոսքով, քննարկումը նվիրված է եղել Վանաձորում տեղի ունեցող հանրահավաքների կազմակերպչական հարցերին. «Իրենք ինձ հրավիրել են, հրավերն ընդունել եմ ու գնացել: Սկզբից մենակ էի, հետո մեր կուսակցությունից 2 հոգի եկան: Արտառոց բան չի եղել: Նորմալ եմ համարում, որ կարող են կազմակերպչական առումով տարբեր կարծիքներ լինեն: Հնչել են տարբեր կարծիքներ եւ բանավեճ է տեղի ունեցել: Դրանից հետո նույն այդ մարդիկ եկել են մեր գրասենյակ՝ նորմալ, հանգիստ պայմաններում քննարկում է եղել»:
Այսօր լուրեր էին շրջանառվում, որ միջադեպի ժամանակ նաեւ «Սասնա ծռեր» խմբի անունն է շոշափվել: Սակայն միջադեպի ականատեսներից մեկը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը. «Այդտեղ «Սասնա ծռեր» անուն չի շոշափվել: Միտումնավոր կեղծ տեղեկատվություն են տվել, որպեսզի այս ամբողջ գործընթացը հարամեն: Ուղղակի վեճ է եղել, հայտարարությունների վերաբերյալ, որ բեմի վրայից ազգայնամոլական հայտարարություններ չլինեն: Ոչ մի ծեծ չի եղել, պարզապես խոսքի մեջ իրար չեն հասկացել»:
Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցն ասաց, որ տղան իրեն լավ է զգում, եւ ոչ մի լուրջ բան չկա. «Լուրջ բան չի եղել, որ ասենք խփել են եւ այլն: Ուղղակի այդ պահին խոսքներն իրար է հասել, փորձել է հարձակվի, որ խփի, կանխել են: Հիմա ոչ մի ճնշում չկա իր նկատմամբ»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ