ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը կարծում է, որ Հայաստանում իշխանափոխություն չի եղել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց`խորհրդարանական կառավարման երկրում վարչապետի կամ այլ պաշտոնյաների հրաժարականը երբեք չի կարող դիտվել իշխանափոխություն:
Ուղիղ հարցին`հիմա դուք իշխանությունը չե՞ք կորցրել, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Իհարկե`ոչ: Իշխանություն կորցնել պառլամենտական ուժի կողմից`ենթադրում է պառլամենտական մեծամասնության փոփոխություն: Քանի երկրում պառլամենտական մեծամասնություն չի փոխվել, խորհրդարանական կառավարման տիպի երկրներում իշխանափոխության մասին խոսելն անհեթեթություն է»:
«Համոզելը`հատկապես ինձ, շատ դժվար է: Ես կասեի`ամենադժվարը: Ես ունեմ մոտեցումներ, սկզբունքներ եւ ինքս եմ որոշում իմ գործողությունների հաջորդականությունը»,- ասաց Գեւորգ Կոստանյանն`անդրադառնալով դիտարկմանը`Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կապիտուլյացիայի ենթարկել ՀՀԿ-ական մեծամասնությանը :
Գեւորգ Կոստանյանը հնարավոր չի համարում, որպեսզի մայիսի 1-ին իշխող ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրի. «Թեեւ ես`ինքս կուսակցական չեմ, բայց վստահ եմ, որ խմբակցության բոլոր անդամները`անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, սկզբունքային դիրքորոշումներին հետեւողական կլինեն, ինչպես հինգ-վեց ամիս, 20 օր առաջ, այնպես էլ մայիսի 1-ին եւ դրանից հետո»:
Հարցին դա նշանակում է, որ Դուք «կողմ» չե՞ք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Մենք կողմ ենք քվեարկելու այն թեկնածուին, որին կորոշի ՀՀԿ խմբակցությունը»: Դիտարկմանը`դա կարող է լինել նաեւ Նիկոլ Փաշինյանը`հակադարձեց. «Ես բացառում եմ: Որովհետեւ ես չեմ պատկերացնում նման հնարավորություն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ