Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ձայնե՞ր է կորցնում՝ հայտարարելով, որ չի գնում կուլիսային բանակցությունների ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ

Ապրիլ 27,2018 17:13

«Առանց լրագրողների ներկայության բանակցել չի նշանակում բանակցել կուլիսներում»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցություններին և Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումներին, թե պատրաստ է բանակցել միայն լրագրողների ներկայությամբ, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մարգարյանը:

Ըստ նրա՝ Փաշինյանն այս պահին վայելում է հանրության լիակատար վստահությունը, և հրապարակում կանգնած մարդիկ կվստահեն նրան, եթե նա օրինակ բանակցության միայն հիմնական դրույթները ներկայացնի:

Նա մանրամասնեց. «Մի բան է կուլիսային բանակցությունը, մեկ այլ բան բանակցությունները լրագրողների ներկայությամբ։ Լրագրողների ներկայությամբ չեն բանակցում, օրինակ, իշխանության փոխանցման մասին, որովհետև իշխանության փոխանցում ենթադրում է ոչ միայն քաղաքական խնդիրների քննարկում, այլև ընդհուպ անձնական երաշխիքների տրամադրում»։

Մեր հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, անգամ հարթակից հայտարարում է՝մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության և հարցին՝ արդյոք այս դիրքորոշման պատճառով Նիկոլ Փաշինյանը ձայներ չի՞ կորցնում, մասնավորապես ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ընդհանրապես ձայների մաթեմատիկական հաշվարկը որոշակի ծուղակ է պարունակում։ Խորհրդարանական բոլոր ուժերը, եթե մտածում են քաղաքական ողջախոհության շրջանակներում, պետք է ստանձնեն իրենց բաժին պատասխանատվությունը և անեն ամեն ինչ, որպեսզի կայանան արտահերթ ընտրություններ, ինչը ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակն է։ Եթե իշխող ՀՀԿ-ն ՝ իր ղեկավարի մակարդակով ճանաչում է Փաշինյանի հաղթանակն ու խոստովանում, որ սխալվել է, ուրեմն նույնը պետք է անեին նաև մյուսները։ ՀՅԴ-ն պատասխանատու է ճգնաժամի համար որպես ոչ հեռավոր անցյալում կոալիցիայի մաս կազմող ուժ, իսկ Ծառուկյան դաշինքը, որպես ուժ, որն, ըստ էության 2017-ի ապրիլի ընտրություններով վերցրեց ընդդիմադիր էլեկտորատի ահռելի մասը ու ոչինչ չարեց, պարզապես զբաղեցրեց այդ էլեկտորատը և վերջ ՝ խցանելով ընդդիմադիր տրամադրությունների ռեալիզացման խողովակները՝ ՀՀԿ-ի համար բուֆերի ֆունկցիա վերցնելով»։

Ըստ Լևոն Մարգարյանի՝ այս դեպքում գործ ունենք ոչ թե դասական քաղաքական ուժերի, այլ մեծամասամբ կորպորատիվ շահերի շուրջ համախմբված ուժերի հետ. «Այս պարագայում դժվար է վերջիններից ակնկալել քաղաքական որոշումներ։ Կորպորատիվ շահերն այժմ մնացել են օդում կախված, և փորձում են իրենց համար քաղաքական հենարան գտնել։ Այդ ուժերի հետ հարաբերվելու համար Փաշինյանը կարիք ունի ոչ թե մտնել նրանց հետ բանակցությունների մեջ ու փորձել ձայներ կորզել, այլ հարթակից, հրապարակավ հանդես գալ կոնկրետ հայեցակարգային ելույթներով, ոչ թե առանձին-առանձին զրուցել ամեն մեկի հետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30