Այս պահին շարունակվում է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ավտոերթը դեպի Գյումրի: Ավտոճանապարհին նրան պարբերաբար կանգնեցնում են համայնքների բնակիչները: Նրան ողջունելու համար անգամ փակում են ճանապարհը: Համայնքից համայնք մեքենան, որից բարձրախոսով քաղաքացիներին ողջունում է Փաշինյանը, մի քանի երիտասարդներ ձիերով են ուղեկցում:
Ուջան համայնքում էլ քաղաքացիների բազմությունը ճամփեզրին էր սպասում: Այստեղ եւս Փաշինյանի պատվին դհոլ նվագեցին, աղ ու հաց հյուրասիրեցին: «Ապրես, երկար կյանք ունենաս»,-օրհնում էին տեղացիները պատգամավորին եւ իրար հերթ չտալով՝ փորձում ողջագուրվել:
«Ուջան համայնքը միշտ էլ ցույց է տվել որ ՀՀ-ի համար ճակատագրական պահերին հերոսական կեցվածք է ունեցել: Ուջանցիները մեր կողքին են եղել դեռ այն ժամանակ, երբ մեր շարժումը նոր էր մեկնարկում, եւ շատերը կասկածում էին մեր հաղթանակի վրա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց մայիսի մեկին լինել Երեւանում. «Այդ օրը ժողովուրդը պետք է տոնի իր հաղթանակը»:
Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրի է ուղեւորվում նաեւ «Իմ քայլը» շարժմանը միացած կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը՝ Ատոմ Էգոյանի կինը: Նա հայտարարեց, որ հուզվում է քաղաքացիների ընդունելությունից. «Այս ոգեւորությունը միայն ՀՀ բնակիչներինը չէ, այլեւ Սփյուռքի հայությանը: Փոքրից մինչեւ մեծ՝ Փաշինյանի կողքին են կանգնած»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ