Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Երկրում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը երկխոսության ուղին է, առանց բախումների, պահելով մեր ժողովրդի արժանապատվությունը»

Ապրիլ 27,2018 16:43

Շատ կարևոր է այս իրադարձությունների ժամանակ պահպանել իրավական հստակությունը:

Վերջին շրջանում շատ մեկնաբանություններ ներկայացվեցին կապված վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների հետ:

Այս խնդիրը ուշագրավ է մեկ այլ տեսակետից:

ՄԱՍ 1

Ինչպես գիտենք, 23.04.2018թ. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։»:

ՀՀ կառավարությունը նույն օրն ընդունել է թիվ 430-Ա որոշումը փաստելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իր ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնը օրը՝ 23.04.2018թ. հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 130-րդ հոդվածը, թիվ 289-Ա հրամանագրով ընդունել է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:

Իրավական հարցը հետևյալի մեջ է: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, թե՝ առկա է կատարման անհնարինություն?

Եթե ղեկավարվում ենք ՀՀ կառավարության 23.04.2018թ. թիվ 430-Ա որոշմամբ սահմանված իրավիճակով, ապա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՉԷՐ ԿԱՐՈՂ ԸՆԴՈՒՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, քանի որ ըստ Սահմանադրության 130-րդ հոդվածի, հրաժարականն ընդունվում է Սահմանադրության 158-րդ հոդվածում նշված դեպքում, այն է՝ ..Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԿԱՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԹԱՓՈՒՐ ՄՆԱԼՈՒ ՕՐԸ:

Ինչպես տեսնում ենք, Սահմանադրությունը չի նախատեսել լիազորությունների կատարման անհնարինության դեպքը և այն կարելի է միայն որպես պատճառ ընդունել, եթե առկա է վարչապետի պաշտոնի թափուր մնալու փաստը:

Սահմանադրությունը լիազորությունների կատարման անհնարինության մասին խոսում է միայն ՀՀ նախագահի մասով և բացահայտում է դրա իմաստը, այն է՝ Հանրապետության նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը (ՀՀ Սահմանադրության 143-րդ հոդված): Կարծում եմ, որ մեր դեպքում այս իրավիճակն առկա չէ՝ ոչ անհաղթահարելի խոչընդոտի, և ոչ էլ՝ տևականության մասով:

Հետևաբար, կարելի է իրավաբանորեն փաստել, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, ինչը բխում է նաև հայտարարության մեջ բերված նրա կամարտահայտությունից, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի կանոնից, ըստ որի՝ վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ հրամանագիր է ընդունում Կառավարության հրաժարականն ընդունելու մասին:

Այս տեսակետն ընդունելու դեպքում, հարց է ծագում, թե ինչու է ՀՀ կառավարությունն ընդունել 23.04.2018թ. թիվ 430-Ա որոշումը?

ՄԱՍ 2

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում՝ վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետի լիազորությունների ծավալը: Այդ կարգով պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի 21.04.2018թ. թիվ 421-Լ որոշմամբ հաստատվել է «Վարչապետին փոխարինելու և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը» (այսուհետ՝ Կարգ):

Կարգը նախատեսել է 2 դեպք, երբ կարելի է վարչապետին փոխարինել, դրանք են՝ վարչապետի բացակայությունը և վարչապետի լիազորությունների կատարման անհնարինությունը:

Կարգը չգիտես ինչու Վարչապետի բացակայությունը սահմանափակել է 2 դեպքով՝ վարչապետի հիվանդությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակություն կամ արձակուրդում գտնվել: Ըստ իս վարչապետի բացակայության մասին է փաստում նաև վարչապետի հրաժարականը, սակայն Կարգի տեսակետից այս տարբերակը չի հասկացվում:

Խնդիրը կայանում է նրանում, որ այս դեպքում վարչապետին փոխարինող փոխվարչապետը իրավունք չունի վարչապետի որոշ լիազորություններ իրականացնել, այդ թվում՝ վարչապետի կողմից նշանակվող անձանց պաշտոնից ազատելու:

Մինչդեռ լիազորությունների կատարման անհնարինությամբ պայմանավորված փոխարինման դեպքում, ըստ Կարգի, փոխվարչապետն իրականացնում է վարչապետի բոլոր լիազորությունները:

Բնական հարց է ծագում, ինչ իրավական և փաստական հիմքերով է ՀՀ կառավարությունը փաստել վարչապետի լիազորությունների կատարման անհնարինությունը և արդյոք անհնարինության փաստումը նույնանում է պաշտոնի թափուր մնալու հետ?

ԱՄՓՈՓՈՒՄ

1. Այս կարևոր իրադարձությունների և խնդիրների լուծման ժամանակ պետք է ղեկավարվել իրավունքի նորմերով: Իրավական անհստակությունը կարող է տանել փակուղի:

2. Երկրում ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը երկխոսության ուղին է, առանց բախումների, պահելով մեր ժողովրդի արժանապատվությունը:

Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30