«Ես դրական եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի անձին: Մենք ինքներս գտնում ենք, որ էական եւ մեծ փոփոխություններ պետք է մեր երկրում տեղի ունենան: Բայց երբ ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ կհրավիրի եւ վերջնական որոշում կունենանք, դուք կիմանաք»,- խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսպես ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում հորդոր էր հղել ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, նաեւ իր բոլոր համախոհներին, որպեսզի մայիսի 1-ին հեղեղեն փողոցները: Հիշեցնենք՝ մայիսի 1-ին խորհրդարանում կայանալու է վարչապետի ընտրությունը: Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ կամ ինքը կլինի ՀՀ վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:
Ի դեպ, այս պահին խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը: Պատգամավորները մեզ հետ զրույցներում ասում էին, որ տեղյակ չեն, թե ինչ օրակարգով է նիստ հրավիրվել:
Լրագրողները Վահե Էնֆիաջյանին հիշեցրին իր առաջարկը՝ Գագիկ Ծառուկյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին: Նա ասաց. «Ձեր արած ձեւակերպմամբ հայտարարությամբ ես հանդես չեմ եկել: Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի առաջնորդն է, «Ծառուկյան» խմբակցության ղեկավարն է, խորքային ծանոթ է մեր երկրի տնտեսական եւ սոցիալական խնդիրներին եւ, ըստ էության, շատ լավ թեկնածու է»:
Լրագրողները հիշեցրին՝ Նիկոլ Փաշինյանը պայման է դրել, որ ինքը լինի վարչապետ: Վահե Էնֆիաջյանը կրկնեց. «Երբ կլինի կուսակցության ղեկավար մարմնի նիստը, այն ժամանակ էլ այդ հարցերին կպատասխանեմ»:
Ինչ վերաբերում է մայիսի 1-ին ԲՀԿ-ի աջակիցներին փողոց հանելուն, Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն իր կառույցներով, անդամներով եւ համակիրներով համաժողովրդական շարժման մեջ է այս պահին: Ասաց, որ այսօր Գյումրիում կայանալիք հանրահավաքին կմասնակցեն ԲՀԿ Գյումրիի տարածքային կառույցի ներկայացուցիչները, նաեւ Երեւանի իրենց կառույցներից են մեկնել Գյումրի:
Հարցին՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ մայիսի 1-ին ժողովրդի հետ փողոցում կլինեք, թե՞ կմասնակցեք խորհրդարանի նիստին, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, որ ամենավերջնական որոշումը լինելու է քաղաքական քվեարկությամբ:
Մայիսի 1-ին փողոցները հեղեղելու մասին հարցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ այսպես արձագանքեց. «Ես պատգամավոր եմ, ես չեմ կարող փողոցները հեղեղել»:
Նա անհասկանալի պատասխան տվեց նաեւ հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ պատգամավորների հեռախոսահամարները եւ հասցեները հրապարակելու մասին:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ խորհուրդը քննարկել է գալիք քառօրյայի օրակարգին վերաբերվող հարցեր: