Այսօր 15:00-ից Աշտարակի խճուղուց մեկնարկեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ավտոերթը: Հիշեցնենք, որ Փաշինյանն ու իր համախոհներն ուղեւորվում են Գյումրի, որտեղ այսօր երեկոյան հանրահավաք կկայանա:
Ճանապարհին ավտոերթը կանգնեցրին Նոր Երզնկա համայնքի բնակիչները՝ «Նոր Երզնկան ձեզ հետ է» գրառմամբ պաստառներով: Նիկոլ Փաշինյանը նրանց ավտոմեքենայից ողջունեց բարձրախոսով:
Քիչ անց էլ Աշտարակի տարածաշրջանի համայնքների քաղաքացիների մեծաթիվ խումբը փակեց ավտոճանապարհը՝ Փաշինյանին դիմավորելու համար: Նրան ընդունեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով: Փաշինյանն իջավ մեքենայից, շնորհակալություն հայտնեց բնակիչներին ընդունելության համար. լուսանկարվեց:
«Համոզված եղեք, որ ձեզ հուսախաբ չեմ անի: Դուք հաղթել ենք, եւ այդ հաղթանակը ձեր ձեռքից ոչ ոք չի կարող տանել: Հպարտ եմ, որ դուք՝ քաղաքացիներդ, ձեր ձեռքն եք վերցրել իշխանությունը»,-դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց նա: Բնակիչներն ասացին, որ Աշտարակը Փաշինյանի հետ է, ապա վանկարկեցին՝ «Փաշինյան՝ վարչապետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ