Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այնքան ներողություն, որ Նիկոլ Փաշինյանն է այս ընթացքում խնդրել, բոլոր պաշտոնյաներն իրար գումարած՝ չէին խնդրել». Սերոբ Խաչատրյան

Ապրիլ 27,2018 14:58

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, լինելով 43 տարեկան, քաղաքական թոհուբոհով անցնելով, ճիշտ մեթոդի ընտրություն է կատարել:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Բլեյանը հայտարարեց. «Ինչպեսի վրա շեշտադրումը շատ լավ արված էր: Երիտասարդներ էին և շատ արագ կարողացան և ոչ միայն այդ հարցում, այլև բոլոր հարցերում կարողացան գալ համաձայնության: Կարողացան ցույց տալ, որ մեր երիտասարդները ուղղամտությամբ և խիզախությամբ գերազանցում են մեզ: Չնահանջելու, չկաշառվելու հրապարակային գործելու կարողությամբ»:

Ըստ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենի՝ դեռ ճանապարհ ունենք անցնելու և պիտի անցնեն չհոգնած մարդիկ: Պարոն Բլեյանի համար գնահատելի է այս նոր շարժման հակաբռնության մեթոդաբանությունը. «Բոլոր ձևերը գտնված են, ճանապարհ ենք անցնելու՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության արձանագրում, ժամանակավոր կառավարություն, որպես նոր ընտրությունների երաշխավոր, պատասխանատու նոր Ազգային ժողով և ամբողջական համակարգային փոփոխություններ: Սա նախկին գործիքներով անել հնարավոր չէ»:

Պարոն Բլեյանի համար ընդունելի չէ ԱԺ-ում նոր քվեարկությունը: Նա հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են ՀՀԿ-ական պատգամավորները վախենում, ի՞նչն է խանգարում, որ իրենք իրենց նիստերը բաց անեն և կանչեն իրենց ընտրողներին. «Ստեղծիր քո ամբիոնը, հարթակը, հրապարակը, ցանց ստեղծիր, եղիր ընդդիմություն»:

Աշոտ Բլեյանը կողմ է, որ հանրությունն ունենա պատգամավորների հասցեները. «Ուզում ես Կարեն Կարապետյան լինել, ուզում ես խմբակցության ղեկավար, արի բարձրացիր հրապարակ»:

Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ Նիկոլ Փաշինյանը մի կարևոր բան հաստատեց. իր ոճն էր, որով գործում էր. «Այս 20 օրվա ընթացքում այնքան ներողություն, ինչքան Նիկոլ Փաշինյանն է խնդրել, ՀՀ պաշտոնյաներին բոլորին գումարած՝ չեմ լսել: Նա ասում է՝ հասկանում եմ, որ աշխատանքից ուշանում եք, բայց ես շատ ավելի կարևոր բանի համար եմ ասում, քան ձեր կարճ նպատակները»:

Սերոբ Խաչատրյանի հավաստմամբ՝ շարժումը շատ անկեղծ էր, մարդիկ ինչ անում էին, անում էին հավատալով. «Երիտասարդները, ինտերնետն օգտագործելով, կարողացան պայքարել բռնությունների, սադրանքների դեմ: Ինձ դուր է գալիս, որ միշտ Նիկոլն է առաջին շարքում, մեր երիտասարդությունն իսկապես կարոտ էր իսկական ու անկեղծ առաջնորդների: Մարդ, որն ասում է ու իր ասածն անում է»:

Կրթության փորձագետի բնութագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացները տարավ կրթական նոր ձևերով. «Նախկինում մարդկանց հավաքում էին Օպերայի հրապարակում, ճառեր կարդում, երթ էր լինում ու վերջ: Սա ես կանվանեմ ուսուցման ավանդական մեթոդ, երբ լսարանը անշարժ նստած է: Եթե Նիկոլը կիրառեր այդ նույն մեթոդը, շարժումը կցրվեր: Ինտերակտիվ պրոյեկտային նախագծային մեթոդ կիրառվեց: Դա այն է, որ երբ կարճ դասախոսություն ես կարդում, հետո գնում ես դա կիրառելու: Հենց սա մոբիլիզացրեց երիտասարդությանը, քանի որ երիտասարդությունը չի սիրում հարթակից լսել երկարաշունչ ճառեր, դա էլ մղեց գործողությունների՝ ճառային մասը հնարավորինս կրճատելով»:

Ըստ կրթության փորձագետի՝ գրագետ էր արված նաև քայլարշավը. «Բազում գրքեր կան, որ քայլող մարդը միշտ հաղթում է նստած մարդուն: Դա ոչ միայն իր բնատուր ունակությունների, այլև քայլելու արդյունք է: Նույնիսկ գրքեր կան այն մասին, որ բոլոր հանճարեղ մարդիկ օրական չորս-հինգ ժամ քայլել են: Քայլելու այդ մեթոդը ուղեղը թարմ է պահել»:

Պարոն Խաչատրյանը հիշեցրեց, թե ժամանակին հեգնանքով էին ասում, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն այս օրերը ցույց տվեցին, որ Սահմանադրության մեջ գրված այդ կետը կարող է իրականություն դառնալ:

Ամփոփելով՝ նա ասաց. «Ես պայքարում եմ որակական փոփոխության համար, եթե պիտի ունենանք նոր իշխանություն, որը պիտի հին գործելակերպ դրսևորվի, այս պայքարը պիտի շարունակվի: Այս պրոցեսների մեջ կարևոր է այն հանգամանքը, որ իշխանությունն ով էլ լինի, որոշակի վախ ունենա հասարակությունից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30