Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ էր հղել: Այսօր քաղաքապետարանի ավագանու նիստից առաջ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե՝ կարծում է Սարգսյանի հրաժարականը շնորհավորելո՞ւ առիթ էր, ասաց. «Ես շնորհակալություն եմ հայտնել Սերժ Սարգսյանին, որ այս ամբոխը, որ կար եւ մեր այս նոր երիտասարդական շարժումը բավական շատ էր, ու կարեւոր որոշում ընդունեց Սերժ Սարգսյանը»:
Թեեւ Գոռ Վարդանյանը խոստովանեց, որ շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել, բայց հետո երբ այդ գրառումը մեծ արձագանք ստացավ համացանցում, այն հեռացվեց Վարդանյանի էջից: Հարցին՝ ինչո՞ւ եք այն հեռացրել, Վարդանյանը պատասխանեց. «Իմ ֆեյսբուքյան էջերում աշխատել են միշտ աշխատողները: Ես տեղյակ չեմ եղել, որ ջնջել են ու այդ պատճառով բոլորը ազատվել են աշխատանքից»:
Մյուս հարցին էլ ՝ դուք չե՞ք պատրաստվում ազատվել աշխատանքից, որ դուրս եք եկել փողոց միանալով շարժմանը, Վարդանյանը պատասխանեց. «Ես դուրս եմ եկել փողոց՝ կիսելով ուրախությունը, շնորհավորել եմ իրենց, որովհետեւ էդ ժողովուրդը մեր ժողովուրդն է: Վատ բան կա՞ այդտեղ»:
Մեր հարցին՝ այսինքն լա՞վ է ձեզ համար, որ Սերժ Սարգսյանը հեռացել է, դա ուրախանալու առիթ է, եւ դուք կիսել եք այդ ուրախությունը, Վարդանյանը պատասխանեց՝ «Ես ուրախությունը կիսել եմ երիտասարդների հետ»: Մեր դիտարկմանը՝ իրենց շարժումն ընդդեմ Սերժ Սարգսյանի էր, Վարդանյանն այսպես արձագանքեց. «Ստեղծվել է նոր երիտասարդական, քաղաքացիական մեծ շարժում եւ գովելի է, որ այսքան շատ երիտասարդ դուրս է եկել փողոց: Ես շատ շնորհակալություն եմ հայտնել վարչապետին, որ հրաժարական տվեց: Ինքը չգնաց ծայրահեղ քայլերի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Լրագրողների հարցին՝ «Ելք» դաշինքը Տարոն Մարգարյանի հրաժարականն է պահանջում, ինչպե՞ս եք վերաբերվում, Վարդանյանը պատասխանեց. «Ես միշտ կողմ եմ եղել մարդկանց, որոնք կողմ են եղել մի լավ բան անելուն: Այո, ես Տարոն Մարգարյանի կողքը կանգնել եմ»:
Ապա Վարդանյանը ավելացրեց. «Ես չեմ կարդացել այդ մասին, եւ չեմ կարող ձեր ասածները հիմք ընդունել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարցին՝ շարժումը ՀՀԿ-ի դեմ էր նաեւ, ի՞նչ կարծիք ունի քաղաքապետի խորհրդականը, վերջինս պատասխանեց.«Կուսակցություններում կան շատ նորմալ, հայրենասեր, շատ լավ հայեր, չի կարելի բոլորին կոխրճել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ