Ռուսաստանը, որ ավելի քան մեկ շաբաթ թիկունքում աշխատող մշտական գործոն էր հայաստանյան իրադարձություններում, սկսել է հստակեցնել իր դերը, գրում է Тhe Washington Post-ը: Սկզբում Մոսկվան լռությամբ հետևում էր՝ ինչ ընթացք են ստանում խաղաղ ցույցերը, հիմա կարծես թե զգուշորեն ներգրավվում է:
Թերթը հիշեցնում է, որ հինգշաբթի առավոտյան հայ երկու պաշտոնյաներ, այդ թվում արտգործնախարարը, Մոսկվայում հանդիպել են ռուս պաշտոնյաների հետ՝ «օրակարգում ունենալով Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը և հայ-ռուսական հարաբերությունները»: Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմության խարիզմատիկ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանից հավաստիացումներ է ստացել առ այն, որ վերջինս չի միջամտի Հայաստանի ներքին գործերին:
Թերթը գրում է, որ ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի «գունավոր հեղափոխությունների», որոնց Ռուսաստանը վճռականորեն դեմ էր հանդես գալիս, հայաստանյան ցույցերը հանդիպեցին Կրեմլի առավել հավասարակշռված արձագանքին: Ցույցերն էլ ակնհայտորեն հակառուսական բնույթ չունեին, բայց Մոսկվայի ներկայությունն ու զգալի ազդեցությունն այս փոքրիկ, աղքատ երկրում անհերքելի է:
Ցուցարարների շարժումն ուղղված էր, այդ թվում, իշխող վերնախավի կոռումպացված անդամների դեմ: Բայց վերջնական հաղթանակի համար Փաշինյանը չի կարող անտեսել Ռուսաստանը, գրում է թերթը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սա հստակեցրեց, երբ հինգշաբթի Կարապետյանի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ հաջորդ շաբաթ սպասվող վարչապետի ընտրությունները պետք է կրեն օրինական բնույթ:
Թերթը նկատում է, որ Հայաստանը զգալիորեն կախված է Ռուսաստանից տնտեսապես, և Հայաստանում է տեղակայված ռուսական երկու ռազմաբազա, բացի այդ, Երևանը զենք է գնում Ռուսաստանից:
Հայաստանի խաղաղ, անարյուն հեղափոխությունն արդեն բացառիկ երևույթ է նախկին խորհրդային տարածությունում: Ու թեև նախկին հեղափոխությունները Ուկրաինայում, Վրաստանում և Ղրղըզստանում վերջին հաշվով սայթաքեցին՝ հիմնականում Մոսկվայի միջամտության պատճառով, Հայաստանը, որը հստակ արձանագրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի, կարող է ապացուցել հակառակը:
«Ժողովրդի իշխանությունն աշխատեց Հայաստանում. ամեն տեղ չէ, որ այն կաշխատի». նույն` Washington Post թերթում այսպես է վերնագրել իր հոդվածը հայտնի վերլուծաբան Էնն Էփլբաումը:
«… Ցույցերը, երթերը և «գրավիր» շարժումները բավարար չեն: Միայն այնտեղ լինել բավարար չէ. Շարժումը պետք է դառնա կուսակցություն, փողոցի առաջնորդները պետք է դառնան քաղաքական գործիչներ: Ժողովրդավարություններում նրանք պետք է հաղթեն ընտրությունները: Բռնապետություններում նրանց այլ միջոցներ են պետք… Իսկ երբ քաղաքական վակուում է, ինչպիսին է հիմա Հայաստանում, անհրաժեշտ է ռազմավարություն: Վերածել փոփոխությունների ցանկությունը առավել իրական հասարակության՝ երկարատև ծրագիր է, որը պահանջում է մարդկանց երկար տարիների և ոչ թե մի քանի ժամվա աշխատանք:
Ցույցերը նշանակություն ունենում են, անգամ եթե դրանք չեն հաջողում: Դրանք ոգևորում են մարդկանց, զորակցություն են սփռում, մարդկանց քաջալերում են: Ամեն անգամ դրանք դրամատիկ ինչ-որ բանի են հանգեցնում: Բայց դեպքերի մեծ մասում կարևոր է հիշել, որ քանի դեռ դրանք չեն ինստիտուցիոնալացրել ժողովրդի պահանջները, դրանք բավարար չեն»,- գրում է Էփլբաումը:
Reuters-ը գրում է, որ հաջորդ շաբաթ Հայաստանը նոր վարչապետ կունենա: Կրեմլից զգուշացրել են, որ ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Դատելով Կրեմլի հայտարարությունից՝ գործակալությունը եզրակացնում է, որ Մոսկվան վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել իշխող կուսակցության ներկայացուցչի:
Բրիտանական Тhe Guardian-ը գրում է, որ հինգշաբթի Հայաստանի ընդդիմությունը հերթական հաղթանակը տարավ, երբ խորհրդարանը հայտարարեց, որ հատուկ նիստ կանցկացնի, որում կընտրվի երկրի վարչապետ: Թերթը գրում է, որ ընդդիմության և կառավարության միջև դիվանագիտական գործընթացում ներգրավվել է Ռուսաստանը, որն ամուր ռազմատնտեսական կապեր ունի Հայաստանի հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ