ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը` ՀՀԿ-ի նոր հնարավոր ղեկավարի եւ վարչապետի թեկնածուի մասին
– Նախօրեին երեկոյան կայացավ պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի հետ խմբակցության պատգամավորների հանդիպումը, մի քիչ կմանրամասնե՞ք՝ ի՞նչ հարցեր քննարկվեցին: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի դրդապատճառները կներկայացնի: Որո՞նք էին դրանք:
– Հիմնականում դրանք այնպիսի խնդիրներ էին, որոնց արտացոլումն իր խոսքի մեջ կար ներկայացված: Նոր բան չկար, ըստ էության: Կային ավելի շատ կուսակցական մարդկանց հետաքրքրությունը բավարարող պարզաբանումներ` կապված ներկուսակցական խնդիրների հետ:
– Այդ պարզաբանումները հետաքրքրում են նաեւ հանրությանը, որովհետեւ բավական անակնկալ էր, երբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո վարչապետը «մարտական» էր տրամադրված, իսկ հաջորդ օրը նա ընթերցեց հրաժարականի տեքստն այդ մի տեսակ խեղճացնող ձեւակերպումներով: Շատերի համար անակնկալ եւ անհասկանալի էր դա:
– Չեմ կարծում, որ ձեր գնահատականն իրականությանը համապատասխանում է, որովհետեւ այդ հայտարարության մեջ նա բոլոր հարցերի պատասխանները տվել էր: Ես չեմ հասկանում, թե ի՞նչն էր անհասկանալի: Ըստ էության, ինքն էդտեղ ամեն ինչ ասել էր:
– Արտաքին կամ ներկուսակցական-ներպալատական ճնշումնե՞ր էին եղել:
– Ոչ, բացարձակապես:
– Սերժ Սարգսյանն արյունահեղությունի՞ց էր խուսափում, երբ ասում էր, որ տարբեր տարբերակներ կան լուծման, բայց դրանցից ոչ մեկն իրենը չէր:
– Այդ մասին մենք չենք խոսել: Հայտարարության մեջ ինքը հստակ ասում էր, որ փողոցում հավաքված ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը, եւ ինքը կատարում է ժողովրդի պահանջը: Ես կարծում եմ, որ դա կարող էր ասել միայն շատ լայնախոհ քաղաքական գործիչը: Մարդ, ով ամեն ինչից բարձր է դասում իր ստանձնած պատասխանատվությունն իր պաշտոնի նկատմամբ, ով անձնական ծրագրերի իրականացումը շատ ավելի երկրորդական է դասում, քան այն գաղափարները, որոնք դրված են պետականության անվտանգության խնդիրներում: Այդ տեսակետից, ես կարծում եմ, մենք դեռ շատ հնարավորություններ կունենանք հեռու ապագայից նայելու այս իրողություններին, բայց մի բան ակնհայտ է. անցած տարիների ընթացքում մենք էապես զարգացել ենք, մեր բոլոր ինստիտուտները, մեր հասարակությունը, հասարակության տարբեր շերտերը, մեր պետական կառավարման համակարգը, պետական այրերն իսկապես ցույց տվեցին, որ իրենք անցած տարիների ընթացքում շատ ավելի բարձր մակարդակ են ձեռք բերել: Ընդ որում, ոչ միայն մեր պետության մասշտաբով: Եթե մենք նայենք, թե նման իրավիճակներում ինչպե՞ս են իրենց դրսեւորել հետխորհրդային այլ երկրների ղեկավարները, դուք կտեսնեք, որ մեր երկրի ղեկավարի` Սերժ Սարգսյանի պահվածքն ուղղակի աննախադեպ էր: Եվ այս առումով, ես կարծում եմ, դա մեր նոր որակի պետականության ամրապնդման շատ բարձր մակարդակի մասին է վկայում:
Բազմիցս ասվել է մեր` կառավարման խորհրդարանական համակարգի անցման դրական կողմերի մասին. որ այս համակարգը թույլ է տալիս փոփոխություններ իրականացնել պետության համար շատ ավելի փոքր պրոբլեմներով, քան կիսանախագահական համակարգը: Ահավասիկ` հենց սա այդ համակարգի ամենապերճախոս դրսեւորումն է, որը թույլ է տալիս այդ փոփոխություններն իրականացնել` շատ ավելի մեղմ խնդիրներ առաջացնելով երկրի զարգացան համար:
– Արտահերթ խորհրդարանական ընտրություններ պիտի լինեն, նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ էր ասվում…
– Խնդիրն այսպիսին է` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր խոսքում ասում է, որ ինքը դիմում է հանրապետության նախագահին` Արմեն Սարգսյանին, որպեսզի հրավիրի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումներ, լսի իրենց տեսակետները` այս իրավիճակից դուրս գալու համար: Միաժամանակ ասում է, որ ՀՀԿ-ն պատրաստ է բոլոր տարբերակների, որոնք ընդունելի կլինեն այլ կուսակցությունների համար: Եվ այդ քննարկումներում կգան ընդհանուր մի որոշման, այդ թվում նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետեւ նպատակն այստեղ, ստեղծված իրավիճակին ողջամիտ, Սահմանադրությամբ նախատեսված լուծումներ տալով` ոչ թե կասեցնել, այլ ավելի մեծ խթան տալ պետության առաջընթացին:
– Երեկվա քննարկման ժամանակ խոսվե՞ց ՀՀԿ-ի կողմից թեկնածու առաջադրելու կամ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու մասին: Մայիսի 1-ին արդեն նշանակված է ԱԺ նիստը, որտեղ պետք է վարչապետ ընտրվի:
– Մենք որոշեցինք, որ այսօր կամ վաղը կանցկացնենք խմբակցության նիստ եւ առաջադրման հետ կապված բոլոր հարցերը կքննարկենք: Երեկ այդ խնդրի հետ կապված որոշում չի կայացվել:
– Կուլիսային խոսակցություններ կան, որ Արմեն Գեւորգյանը կարող է լինել ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, որ դա փոխհամաձայնեցված տարբերակ է:
– Կուլիսներում ես չկամ, ես այդպիսի քննարկումների չեմ մասնակցել եւ իմ ընկերներից էլ այդպիսի բան չեմ լսել:
– Երեկ էլ Արմեն Գեւորգյանն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել. այդ տեղեկությունների եւ այցի միջեւ համընկնումներ, համապատասխանություններ չե՞ք տեսնում:
– Իհարկե, չեմ տեսնում: Բայց, ընդհանրապես, այդպիսի քննարկում եթե լիներ, գոնե ես, կարծում եմ, տեղյակ կլինեի: Բայց չի եղել:
– Նաեւ խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ում այդքան էլ կողմ չեն Կարեն Կարապետյանի թեկնածությանը, բայց Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքն անվերապահորեն ընդունում է Կարեն Կարապետյանին` ակնարկելով, որ ՀՀԿ-ական պատգամավորներն այդ ելակետից պետք է գործեն: Դուք տեղյա՞կ եք այդ խոսակցություններից, կա՞ն նման դժգոհություններ:
– Այնքան հետաքրքիր է, որ ինձ ՀՀԿ-ում գործընթացների մասին ասում եք բաներ, որոնց ես անտեղյակ եմ:
– Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հենց իր առաջարկով կուսակցության նախագահի փոփոխության հարց է դրվել: Ո՞վ է լինելու ՀՀԿ-ի նոր նախագահը: Արդեն գիտե՞ք:
– Հարցը մենք դեռ չենք քննարկել:
– Անուններ են շրջանառվում ՀՀԿ-ի նոր նախագահի պաշտոնի համար, այդ թվում նաեւ Ձեր անունը, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի:
– Այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել:
– Բայց որեւէ մեկը պիտի՞ գլխավորի կուսակցությունը:
– Ես ասում եմ, այդ հարցը չի քննարկվել: Կուսակցություն է, չէ՞, հազար բան կարող է որոշել:
– Երբ այս զարգացումներն ու գործընթացներն իրենց տրամաբանական ավարտին հասնեն, Դուք հավանական համարո՞ւմ եք կամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից տպավորություն ստացա՞ք, որ հնարավոր է Սերժ Սարգսյանը վերադառնա իշխանություն` որեւէ օղակ ղեկավարելու: Ասենք` ԱԱԾ-ն:
– Ոչ: Ես չեմ ստացել այդպիսի տպավորություն:
Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
27.04.2018