Լրահոս
Օրվա լրահոսը

Անձին մեղադրանք է առաջադրվել ոստիկաններին հանիրավի մեղադրելու համար

Ապրիլ 27,2018 12:41

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ, այդ թվում` սուտ մատնություն կատարած անձանց ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանիրավի մեղադրվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական  լիազորություններն անցնելու մեջ:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Դավիթ Եփրեմյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, լրացուցիչ հարցաքննության ժամանակ հրաժարվել է իր տված նախնական ցուցմունքից և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի պետի տեղակալ Ա. Առուշանյանին: Մասնավորապես, Դ. Եփրեմյանը հայտնել է, որ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ իրեն ճանաչման ներկայացված` ենթադրյալ հանցանք կատարած անձին ճանաչել և հետագայում իր ցուցմունքը պնդել է Ա. Առուշանյանի ուղղորդմամբ, քանի որ ինքը իրականում չի ճանաչել նշված անձին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` առերես հարցաքննությունների և հարցաքննված անձանց ցուցմունքների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված ոստիկանության պաշտոնյան հանիրավի է մեղադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ընդ որում, Դ. Եփրեմյանը նույնպես խոստովանել է, որ Հատուկ քննչական ծառայությանը գիտակցաբար սուտ տեղեկություններ է հաղորդել Ա. Առուշանյանի կողմից իրեն ուղղորդելու վերաբերյալ` փորձելով այդ կերպ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին զերծ պահել քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

Արդյունքում որոշում է կայացվել ոստիկանության պաշտոնյայի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Դ. Եփրեմյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ Մհեր Ստեփանյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով դատական նիստի ընթացքում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ Գորիս քրեակատարողական հիմնարկ թմրամիջոց ապօրինի փոխադրելու կասկածանքով մի խումբ ոստիկաններ իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ բռնություն են գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև իր ստորագրմանն են ներկայացրել բացատրություն վերցնելու մասին նախապես լրացված արձանագրություն:

Սակայն  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության արդյունքում հերքվել են Մհեր Ստեփանյանի  հայտնած տեղեկությունները : Հարցաքննված անձանց և Մ. Ստեփանյանի տված ինքնախոստովանական ցուցմունքների, ինչպես նաև կատարված մի շարք այլ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներ Ռ. Բակունցին, Ա. Բաղդագյուլյանին, Գ. Գրիգորյանին և Կ. Ալավերդյանին հանիրավի է մեղադրել բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:

Արդյունքում որոշում է կայացվել վերը նշված ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Մ. Ստեփանյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-ին մասի 1-ին կետով:

Մ. Ստեփանյանի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30