Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարվել է մասնակցել այսօր ժամը 12-ին կայանալիք բանակցություններին:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նախ Կարեն Կարապետյանի տեղում դրեց իր ուսապարկն ու գլխարկը եւ հայտարարեց, որ նրա տեղը զբաղված է:
Փաշինյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ականը վարչապետի պաշտոնում լինի, ստիպված կլինեն բացատրել: Հարցին՝ մայիսի 1-ին դուք ի՞նչ ելք եք կանխորոշում, նա ասաց, որ կանխորոշում է ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս գան Երեւանի փողոցներ, առավոտյան ժամը 8-ին հեղեղեն Երեւանի փողոցներն ու հրապարակները, այդ թվում՝ ԱԺ-ի:
Թե ինչպիսին են ԱԺ խմբակցությունների դիրքորոշումները, նա ասաց, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն մինչեւ մայիսի 1-ը կհստակեցնեն:
Նա ասաց, որ Կարեն Կարապետյանը այնքան էլ վստահ չի իր բանակցային դիրքերին, դրա համար չի եկել ու եթե վստահ չի, ինչպե՞ս է Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցելու:
Ինչպե՞ս եք գնահատում բանակցությունները Պուտինի հետ՝ նա ասաց, որ ՌԴ-ն չի խառնվի ՀՀ ներքին գործերին, իսկ սա մաքուր ՀՀ ներքաղաքական գործ է:
Ըստ Փաշինյանի, հավանաբար, Կարեն Կարապետյանը ուզում է տպավորություն ստեղծել, որ ունի դրսի աջակցությունը, բայց սա մեր ներքաղաքական գործ է, այլ երկրներ չեն խառնվի Հայաստանի գործերին:
Հարցին՝ ձեր մանդատները չեն բավարարում, ինչպե՞ս եք պատկերացնում վարչապետի պաշտոնում նշանակվելը՝ Փաշինյանը պատասխանեց, որ մենք ունենք գլխավոր մանդատը:
Հազարավոր մարդիկ ՌԴ-ից, Եվրոպայից, սփյուռքից գալիս են ՀՀ եւ մասնակցում են շարժմանը, դա է մեր մանդատը: Նրանք հույս ունեն, որ դրանից հետո կգան Հայաստան, գործունեություն կծավալեն այստեղ:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ծառուկյանն առաջադրվի, նա պատասխանեց, որ ցանկացած քայլ կարժանանա ժողովրդի ճշգրիտ գնահատականին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ