Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկավոր եղավ ընդամենը 11 օր` ծանրաշարժ իշխանությանը մարդաշատ փողոցի փաստի առաջ կանգնեցնելու համար. «Ազգ»

Ապրիլ 27,2018 12:22

Ինչպես եւ ինչու դա տեղի ունեցավ` դեռ ամիսներ կվերլուծվի, սակայն աչքի զարնողն այս է.

– Ունեինք իրավիճակին անհամարժեք իշխանություն, որը տասնամյակից ավելի կառավարելով` չէր կարողացել փոփոխություններ մտցնել երկրի կյանքում, բեւեռացրել էր ժողովրդին` հասարակ հայ մարդուն զրկելով հեռանկարից, կոռուպցիայի եւ ապօրինությունների դեմը չէր առել` շատ չթվարկենք, բոլորդ գիտեք:

– Աճել էր այն սերունդը, որն անցավ հանրային մի շարք բողոքի ալիքների փորձառությամբ, ընկալունակ էր նոր մոտեցումների համար եւ պատրաստ էր արդեն իշխանափոխության, ինչն անսպասելի էր կարծրատիպերով առաջորդվող քաղաքական ուժերի համար ու նրանց հանկարծակիի բերեց: Անկախության այս սերունդն այլեւս չէր ուզում կառավարվել հին ձեւով եւ թելադրեց իր խաղի կանոնները:

– 21-րդ դարի հետ կատակել կամ հաշվի չնստել չի կարելի` 21-րդ դարի տեխնոլոգիաները երիտասարդները լայնորեն կիրառեցին:

– Կար համացանց, որ շատ դեպքերում կազմակերպական գործիք դարձավ, դա ինքնին տեխնոլոգիա է, որը մեր օրերում նպաստում է արագ իրազեկմանն ու իքնակազմակերպմանը:

Այդպիսով` հարկավոր եղավ ընդամենը 11 օր` ծանրաշարժ իշխանությանը մարդաշատ փողոցի փաստի առաջ կանգնեցնելու համար` ընդհուպ իշխող ուժի վարչապետի հրաժարական, իսկ դրանից առաջվա եւ հետոյի Հայաստանները տրամագծորեն տարբերվում են իրարից: Հոգնեցրած, նորին անհաղորդ դարձած եւ նախաձեռնողականությունից կիլոմետրերով հեռու դեմքերից հայերի զգալի հատված հայացքն ուղղեց համակրելի եւ նախաձեռնող երիտասարդների ու նրանց առաջնորդի հուսադրող դեմքերին: Այժմ փողոցը դոմինանտ է դարձել պետության կյանքում, թավշյա հեղափոխությունը պայմաններ է թելադրում, իսկ նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հավակնում է դառնալ վարչապետ, ձեւավորել ժամանակավոր կառավարություն` հետագայում օրենսդրության փոփոխությունից հետո Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կազմակերպելով եւ նոր իրավիճակն արտացոլող Ազգային ժողով ձեւավորելով: Կարելի է անգամ ասել, որ այս ապրիլից սկսվում է Նիկոլի թիվը, ինչպես նրա կողմնակիցներն են կատակում:

Չգիտեմ ինչով կավարտվի այս ամենը, սակայն Նիկոլին, որը Հայաստանի անկախացմանը բերած առաջին շարժման ժամանակ ընդամենը դեռահաս էր, ուզում եմ հիշեցնել այն ժամանակվա հեղափոխական էյֆորիային հաջորդող քաոսի ու սխալների մասին, որոնցից ամենաէականն այն էր, որ հեղափոխություն կատարած նվիրյալները չկարողացան կամ չուզեցին փակել սովորաբար հեղափոխություններից հետո իրենց վրա լցվող պատեհապաշտների ու սրիկաների ճանապարհը, կադրային անասելի սխալ քաղաքականություն տարան, իշխանության ղեկի մոտ թողեցին արկածախնդիր եւ իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց, որոնք հետագայում թալանեցին ու սնանկացրին Հայաստանը: Ընդ որում` նրանցից շատերն այսօր էլի ձիու վրա են: Իսկ Հայաստանի անկախության ուրախությանը զուգահեռ, վատ կառավարման ու Հայաստանի ունեցվածքը մեջ-մեջ անելու պատճառով տարիներով երկրում առկա էին անհուսություն, արտագաղթ, ապօրինություններ, որոնք խորացել էին նաեւ վերջին տարիներին: Չգիտեմ ինչպես պիտի չկրկնվեն այդ սխալները: Եթե էյֆորիայի մեջ գտնվող փողոցին թվում է, թե Հայաստանում անմիջապես պիտի սկսեն լավ ապրել, մարդկանց վարկերը պետք է Նիկոլն իր գրպանից վճարի, իսկ փողոցում հեղափոխական կոչ բղավող ամեն ավարա, անկախ որակներից պետք է պաշտոն ստանա, ապա նրանց պիտի բացատրող լինի, որ դա այդպես չէ, ու տեւական աշխատանք պիտի կատարվի ինչ-որ բան փոխելու համար, այն եւս` եթե այսօրվա տնտեսական կլանները սաբոտաժով ու հակաիրավական զանազան հնարքներով անփորձ հեղափոխականներին ընդհանրապես հնարավորություն չտան աշխատելու: Չծեծեմ ասույթը` հեղափոխութուն անող նվիրյալների եւ հետո իշխանության եկող սրիկաների վերաբերյալ, ամեն բան հայտնի է: Հուսով եմ` Փաշինյանը դա հասկանում է, համենայնդեպս` նա իր վերջին հրապարակային կարծիքներում խոսում է պրոֆեսիոնալների աշխատանքը պետական կառույցներում շարունակելու, կադրային ջարդը բացառելու մասին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30