ՀՀ դատախազությունը, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և
ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության
քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի
երաշխավորումը, ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝
լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ առերևույթ հանցագործության
հատկանիշներ պարունակող դեպքերի արդյունավետ քննությունն ապահովելու
ուղղությամբ:
Այս համատեքստում ՀՀ դատախազությունը մշտադիտարկման համապատասխան
կառուցակարգերով իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահել վերջին
օրերին հանրապետությունում ընթացող զանգվածային միջոցառումները լուսաբանող
լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական օրինական գործունեությանը
խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերը: Հայտնի դարձող առերևույթ
հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող ցանկացած
տեղեկատվություն, իրավապահ մարմիններին ներկայացվող ցանկացած հաղորդում
քրեադատավարական կարգով ուղարկվել է ստուգման՝ դրանց հետագա ընթացքը
լուծելու և քրեաիրավական գնահատականի արժանացնելու նպատակով:
Ըստ այդմ՝ 2018թ. ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում,
ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում լրագրողների մասնագիտական
գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազություն
ստացվել է ընդհանուր առմամբ 17 ահազանգ: Դրանցից 11-ը՝ 13 լրագրողի
վերաբերյալ, իրենց նկարագրությամբ պարունակել են հանցագործության
հատկանիշներ և ՀՀ քրեական դատավարության մասին օրենքի 180-181-րդ
հոդվածներով սահմանված կարգով ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից
հանձնարարվել է ինչպես ՀՀ ոստիկանությանը, այնպես էլ նախաքննական
մարմիններին՝ դրանցում ներկայացվող հանգամանքներն ստուգելու, նյութեր
նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:
Դրանցից 9 դեպքի առթիվ` 11 լրագրողի վերաբերյալ, արդեն հարուցվել են
քրեական գործեր:
Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի
2-րդ մասի 2-րդ կետի և 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, 3-ը՝ միայն
ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվաի 1-ին մասով, 2 դեպքի կապակցությամբ՝ ՀՀ
քրեական օրենսգրքի 164-րդ, 308-րդ և 309-րդ հոդվածների հատկանիշներով,
մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով, և 2-ը քննության առարկա են
դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1
հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեկ
վարույթում:
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մասին
մնացած տեղեկությունների, ահազանգերի վերաբերյալ բավարար փաստական
տվյալներ դեռ չկան, կամ խիստ սահմանափակ են: Այդ ահազանգերը լրացուցիչ
ստուգման կարիք ունեն, որից հետո կկայացվեն դատավարական համապատասխան
որոշումներ նաև դրանց ընթացքը լուծելու համար:
Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել օրենքով
սահմանված բոլոր միջոցները՝ արձանագրված առերևույթ հանցագործության
հանգամանքները, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պարզելու, վերջիններիս
արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին