Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանին սպասում է ծանր փորձություն

Ապրիլ 27,2018 14:00

Դատելով զարգացումների տրամաբանությունից՝ 27-ամյա Հայաստանի 16-րդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է լինելու: Նրա սկսած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը հաջողվել է: Եվ հայտնի «Գեներալները նախապատրաստվում են անցած պատերազմին» խոսքի տրամաբանությամբ, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո շատերը հայտարարեցին, որ միանում են թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը:

Ու սա լուրջ մարտահրավեր ու փորձություն է Նիկոլ Փաշինյանի, ռիսկ ու վտանգ՝ ՀՀ քաղաքացիների համար: Դիմացավ գայթակղությանը Նիկոլը՝ բան կփոխվի, չդիմացավ՝ կփոխվեն անձերը, ՀՀ քաղաքացու կյանքում բան չի փոխվի: Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը միանում են մարդիկ, որ Հայաստանի այսօրվա վիճակի մեջ մեղք ունեն: Օրինակ՝ 1999-2012 հատվածում՝ 13 տարի, Գյումրին ղեկավարած, կուսակցությունից կուսակցություն «արտագաղթած», քրեական աղմկոտ պատմություններից անպակաս Վարդան Ղուկասյանը: Նա, նրա որդին 13 տարի ասպատակում էին Գյումրին ու չէին էլ մտածում ժողովրդի մասին, էլ ուր մնաց հանուն ժողովրդի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն անեն: Կամ ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանը, որի անունը կապվում էր Տավուշում ապօրինի անտառահատումների հետ: Կամ ողջ ՀՅԴ-ն, որ վերջին 10 տարում Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի կամքն է կատարել, հարկ եղած դեպքում նաեւ ընդդիմություն ձեւացել ու հիմա՝ հեղափոխության վերջում, միացավ ժողովրդին: Ու էլի շատերը:

Հիմա Հայաստանի ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը պիտի կարողանա ազատվել այս ծանր «ժառանգությունից»: Երեւանում «Նի-կոլ, վար-չա-պետ» վանկարկող մարդիկ Գյումրիում ու Տավուշում չեն հասկանա, եթե վարչապետ Նիկոլը տեղ տա Վարդան Ղուկասյաններին, Սուրեն Մանուկյաններին, ՀՅԴ-ներին, ԲՀԿ-ներին: Մարդիկ «Նի-կոլ, վար-չա-պետ» էին վանկարկում, ոստիկանների բռնությունը տանում՝ հուսալով, որ կազատվեն ամեն տեսակ անօրեններից: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը պիտի արդարացնի այս մարդկանց սպասելիքները: Միայն այս պարագայում կարելի կլինի ասել, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում հաղթեց թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը, ու մարդիկ սկսեցին շնչել: Հակառակ դեպքում Հայաստանում իշխանական լծակներին տիրանալու պայքարում երիտասարդը կհաղթի տարեցին ու վերջ: Վարդան Ղուկասյանները կշարունակեն ասպատակել Գյումրիները, Սուրեն Մանուկյանները կշարունակեն ապօրինի հատել անտառները, ՀՅԴ-ները կշարունակեն իշխանավորի կամոք ընդդիմություն ձեւանալ, ու Հայաստանում չի դադարի արտագաղթը: ԲՀԿ-ներն էլ կշարունակեն անել այն, ինչ արել են մինչ օրս: Հանրապետության հրապարակում հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոչ մի հարուստի ձեռքից ունեցվածքը չեն խլելու, բայց բոլորի համար խաղի կանոնները նույնը պիտի լինեն, անբարեխիղճ մրցակցություն չի լինելու:

Նույնը պիտի ասի քաղաքական դաշտի խաղացողների համար. ոչ ոքի գործունեությունը չի սահմանափակվելու, բայց բոլորը պիտի հավասար լինեն, ոչ ոք քծնանքով, կեղծավորությամբ առաջ չի գնալու, նման պահվածքը որակվելու է «անբարեխիղճ մրցակցություն» եւ պատժվելու է: Պատմությունից հայտնի է, որ հին աշխարհում, երբ հաղթանակած զորավարները վերադառնում էին պատերազմից եւ արժանանում հանրության գովքին, թիկունքում կանգնած ստրուկը անընդհատ կրկնում էր՝ «Memento mori»՝ «Բոլորս էլ մահկանացու ենք» կամ «Հիշիր մահվան մասին»: Հին աշխարհում վստահ էին, որ սա մարդուն օգնում է սթափ նայել կյանքին: Հին աշխարհը չկա, Հայաստանում նոր վարչապետ կա, որին խոնարհվում են բոլոր նրանք, որոնց «փեշակը» վարչապետներին խոնարհվելով յուրային դառնալն ու սեփական հարցերը լուծելն է եղել մինչ օրս: Հայաստանի քաղաքացիներին նոր, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք խոստացած ու վարչապետ դարձած գործիչը պիտի հետեւի հին աշխարհի զորավարների օրինակին: Այլ ելք չկա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

26.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ալեքսանդր Աղաբեկյան says:

    Խուճուճ վերնագիրն է Ձեր սխալի պատճառը

    Սխալը հասկանալու համար այս կերպ ձևափոխեք նախադասությունը.«Նիկոլ Փաշինյանին սպասում է ծանր փորձություն»: և կտեսնեք, որ կրավորոկան չէ: Փորձությունը սպասում է Նիկոլ Փաշինյանին, առանց Վ-ի

  2. Ալեքսանդր Աղաբեկյան says:

    կրավորական չէ, իհարկե

  3. Նարեկ says:

    Ցանկացած պարագայում Վ-ով թե առանց Վ-ի մտահոգությունը առավել քան արդիական է:

  4. Իջևանցի says:

    Հոդվածագիրը շատ ճիշտ վերլուծական է տվել իրավիճակին. Խիստ մտահոգիչ է դաշնակ-սրիկաների ասպարեզում հայտնվելը, թե մինչև հիմա ու՞ր էին: Պետական պաշտոն զբաղեցրած թալանչիները օր առաջ հանձնեցին յուղոտ պորտֆելները և անցան նոր քծնանքի,որը անշուշտ չի սիրում Նիկոլը: Նիկոլի հայրենի քաղաքի անտառներն են կերել դաշնակները,որի արդյունքում տեղ ունեցան պառլամենտում; Իսկ հիմա նրանք ժողովրդի հակակրանքն են վայելում էշելոնից հետ մնացած կեղծ ,կործանարար դիմակներով, որնոց աչքերը միայն կանաչ են տեսնում: Նրանց ձայները ավելի շատ կվնասեն Նիկոլին

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30