Ավազակային հարձակման գործով տուժողը մահացել է
Արմեն Մուրադյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով: Նա անազատության մեջ է 2016 թվականի հունվարի 8-ից, տառապում է անբուժելի հիվանդությամբ: Նրա՝ մեկ օր անգամ ավելի կալանավայրում գտնվելն արդեն իսկ վտանգավոր է:
Վճռաբեկ դատարանը նրա քրեական գործով կայացրած դատավճիռը բեկանել է, գործն ուղարկել վերաքննիչ քրեական դատարան, ուր երեկ նշանակվել էր բողոքի վերաքննության համար անդրանիկ դատական նիստը: Արմեն Մուրադյանը 2012 թվականին իր համագյուղացու միջոցով ծանոթանալով տուժող Աիդա Մ.-ի հետ, վերանորոգել էր Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկի նրան պատկանող բնակարանի ջրի խողովակները։ Արմենը մտերմացել էր Աիդայի հետ, հաճախ էր այցելում նրան։ Ըստ գործի նյութերի, Արմեն Մուրադյանն ամիսներով մնացել է տուժող Աիդա Մ.-ի տանը, նրան պարտք էր 20.000 դրամ: Արմենը 2012 թվականին իր համագյուղացու միջոցով ծանոթանալով տուժող Աիդա Մ.-ի հետ, վերանորոգել էր Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկի նրան պատկանող բնակարանի ջրի խողովակները։ Արմենը մտերմացել է Աիդայի հետ, հաճախ էր այցելում նրան։ Երեք տարի առաջ դեկտեմբերի 27-ին Արմենը Պտղունք գյուղի բնակիչ Դավիթի առաջարկով գնացել է նրանց գյուղ, ապա Դավիթին խնդրել է իրեն տանել Աիդայի տուն, հայտնելով, թե այնտեղից պետք է վերցնի իր բանվորական հագուստները։ Դավիթը, որն ընդհանրապես դուրս է մնացել այս քրեական գործի տեսադաշտից, համաձայնել է, որից հետո Արմենը տուժողին հարցրել է գումար և ոսկի ունենալու մասին: Երբ տուժողն ասել է, թե չունի ոչինչ, Արմենը դանակը պահելով նրա որովայնին` ասել է. «Աիդա ջան, կներես, բայց դու պետք է մեռնես, որ չես օգնում ինձ»։ Նա նաեւ կպչուն ժապավենով կապել է կնոջ ձեռքերն ու ոտքերը, պահանջել գումար, դանակով հարվածել է նրա ազդրերին` «տուժողի առողջությանը դիտավորությամբ պատճառելով ձախ ազդրի ստորին երրորդականի, աջ ազդրի միջին երրորդականի, աջ ծնկահոդի առաջնաներսային մակերեսների ծակած-կտրած վերքերի, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի քերծվածքների ձևով առողջությանը թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով»։ Տուժողը ամբաստանյալին հայտնել էր, որ դրամապանակում կա գումար՝ 25.000 ՀՀ դրամ, շուրջ 2.000 ՀՀ մետաղադրամներ, որը վերցրել էր:
Զարդատուփում եղած 10.000 դրամի էժանագին զարդերն ամբաստանյալը նույնպես իր հետ վերցրել էր:
Ի դեպ, կատարվածից հետո, Արմենը զանգել է տաքսի ծառայություն, տուժողին իր հետ տանելով մոր տուն: Տուժողը Արմենի մորը, որը վկա է այս գործով, պատմել է կատարվածի մասին, ցույց է տվել ոտքերի վնասվածքներն ու արյունոտված հագուստները։ Հաջորդ օրն Աիդան գնացել է իր տուն, մի քանի օր շարունակ Արմենից պահանջել է հափշտակված գումարը: Տեսնելով, որ նա գումարը չի տալիս, դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին։
Պատժի հետ մեկտեղ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի կարգով Արմեն Մուրադյանի նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում ալկոհոլամոլության դեմ:
Վերաքննիչ դատարան Արմենին չէին բերել, եւ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ դրանով ամբաստանյալը զրկված է եղել իր այդ իրավունքն իրացնելու հնարավորությունից ։ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ստացված հարցման պատասխանի համաձայն՝ Ա. Մուրադյանին վերաքննիչ քրեական դատարան դատական նիստի տեղափոխելու համար ՔԿ հիմնարկը դուրս է գրել ժամը 14։50-ին։ Այսինքն, Ա. Մուրադյանը ՔԿ հիմնարկից դուրս է գրվել դատական նիստից 1 ժամ 50 րոպե անց, երբ արդեն նրա վերաբերյալ գործի քննությունը դատարանում ավարտվել էր:
Բողոքաբեր կողմը նշել է, որ 2017 թվականի մարտի 20-ին արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ստացվել է էպիկրիզ, համաձայն որի` Արմեն Մուրադյանի մոտ ախտորոշվել է անբուժելի հիվանդություն, քաշի կորուստն ավելի քան 10 տոկոս է:
Բողոքաբերի դիտարկմամբ, իրենց համար պետք է կիրառվի Վճռաբեկ դատարանի` Հ. Հաբեշյանի գործով նախադեպային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, Ա. Մուրադյանի պատիժը մեղմացնող հանգամանքերը, դրանք իրենց համակցությամբ առանձնահատուկ են և կարող են դիտվել որպես բացառիկ, հետևաբար, բավարար են ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի՝ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը: Մասնավորապես, «Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի եւ այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ»:
«Առավոտի» տեղեկություններով՝ տուժողը մահացել է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
26.04.2018