Չնայած իր այս «հայտարարությանը», օպերային երգչուհի Իրինա Զաքյանը համագործակցում է ճանաչված ջազային կոմպոզիտոր Գարրի Քյոսայանի հետ
19-րդ դարի վերջին եւ 20-րդի սկզբում աֆրիկյան եւ եվրոպական երաժշտական ոճերի սինթեզման արդյունքում առաջացած ջազային երաժշտությունը կառուցվածքով ու առանձնահատկություններով արեւմտաաֆրիկյան եւ արեւմտաեվրոպական շուրջ 300-ամյա երաժշտական ավանդույթների միահյուսումն է, որն աշխարհում արագորեն տարածվեց եւ սիրվեց: Հայաստանում ջազ սկսել են կատարել 1920-ականներից: Առաջին պրոֆեսիոնալ կոլեկտիվն էլ Հայաստանի պետական էստրադային, հետագայում ջազ նվագախումբն էր, որը կազմավորվեց 1938թ.: Ունենք այս ոլորտում ստեղծագործող հիանալի երաժիշտներ, բայց չունենք ջազ օպերա: Համաշխարհային օպերային աստղերը ջազային կատարումներով հանդես են եկել դեռեւս անցյալ դարից: Լայն հանդիսատեսի մոտ թյուր կարծիք է տարածված, թե մեր օպերային երգիչներն էլ են հանդես գալիս ջազային կատարումներով: Նրանք հաճախ մատնանշում են ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչ Գերշվինի «Պորգին ու Բեսը» օպերայից տարբեր արիաներով հանդես եկող հայաստանցի վոկալիստներին: Մինչդեռ այս օպերան, որ հեղինակը գրել է 1935թ., ոչ թե ջազ օպերա է, այլ ամերիկյան ազգային առաջին օպերան:
Օրերս «Առավոտը» ներկա էր Գարրի Քյոսայանի ջազ քառյակի համերգին: Մեզ հետաքրքրել էր երեկոյին իր մասնակցությունը բերած օպերային սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը, որը երբեք հանդես չի եկել ջազային կատարումներով: Բեմական գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում սոպրանոն հանդես է եկել գլխավոր դերերգերով Պուչինիի «Բոհեմ», «Մադամ Բաթերֆլայ», «Թիկնոցը», Վերդիի «Օթելլո», «Սիմոն Բոկանեգրա», Դոնիցետիի «Պողիկտոս», Լեոնկավալոյի «Պայացներ», Բաբաեւի «Արծվաբերդ» եւ այլ օպերաներում: Համերգին երգչուհին հեղինակի՝ Գ. Քյոսայանի նվագակցությամբ կատարեց «Ավե Մարիան»: Անկեղծ ասած՝ սպասում էինք սոպրանոյի զուտ ջազային մեկնաբանությունների: Մեզ հետ զրույցում երգչուհին ասաց. «Ջազը իմը չէ, իմը միայն օպերային երգեցողությունն է»: Հետո էլ հավելեց. «Ավե Մարիայի» կատարման ժամանակ ազատ էինք եւ ես, եւ կոմպոզիտորը: Ջազ, իհարկե, շատ եմ լսել: Մինչ այս ստեղծագործույթունը ինձ վստահելը, հիացել եմ քեոսայանական ջազային մեկնաբանություններով: Հետաքրքիր է, որ ես եւ կոմպոզիտորի կինը՝ Ալլա Սահակյանը, որը հանդես է գալիս ջազային կատարումներով, ուսանել ենք նույն պրոֆեսորի՝ Նելլի Փիրումովայի դասարանում»:
Զրույցի ընթացքում երգչուհին հայտնեց, որ առաջիկայում իր գործընկերների՝ դաշնակահար Լեւոն Ջավադյանի, երգիչ Ասատուր Բալջյանի հետ հանդես կգան համերգով, կներկայացնեն միայն գերմանական երաժշտություն:
Ժամանակին կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի հետ զրույցում մաեստրոյից հետաքրքրվել էինք, թե ինչու հայ կոմպոզիտորներից ոչ մեկը, այդ թվում եւ ինքը, չեն անդրադարձել ջազ օպերայի: Մաեստրոն կեսկատակ-կեսլուրջ պատասխանել էր՝ տասնամյակների աշխատանքս ջազ նվագախմբի հետ մի օպերա չարժե՞, հետո էլ մատնացույց էր արել իր գործընկերների մյուզիքլները, Արամ Սաթյանի փոփ օպերաները՝ «Լիլիթ», «Փոքրիկ Ցախեսը», «Մանեկեն», ու հավելել. «Գուցե գա այդ օրը, որ կլսենք նաեւ մեր հայկական ջազ օպերան»:
Ի դեպ, Մոսկվայում 1998թ. հիմնադրվեց ջազ օպերայի թատրոնը, որն ունեցավ կարճ ստեղծագործական կյանք՝ մինչեւ 2000թ.: Այս ընթացքում բեմադրվեցին ռուս եւ արտասահմանյան դասականների երկերի հիման վրա ստեղծված ճանաչված երաժիշտ, կոմպոզիտոր Յուրի Մարկինի ութ ստեղծագործությունները: Այս առիթով դրական կարծիքներ հնչեցրին հայտնի երաժիշտներ եւ քննադատներ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
26.04.2018