Լրահոս
Օրվա լրահոսը

80-ամյակի մտորումներ

Ապրիլ 27,2018 12:30

Հայտնի ճշմարտություն է. հետնորդներդ պետք է հպարտանան քեզանով, ոչ թե ամաչեն, որովհետեւ դու ես նրանց հայրը, պապը, ապուպապը: Ճիշտ այնպես, ինչպես դու ես հպարտանում քո նախնիներով, ովքեր ազնիվ, աշխատասեր, բարձր մարդկային արժանիքներ կրող հասարակ մարդիկ էին՝ օժտված աստվածատուր միակ կյանքը բովանդակալից եւ արժանապատիվ ապրելու կորովով…

Մեր դատախազական համակարգի երախտավոր, իսկ այսօր «Քնար» երաժշտասերների միություն հ/կ նախագահ Յուրի Ղազարյանը 80 տարեկան է: Նա ներքուստ փորձում է մեկնաբանել իր առաքելությունն այս մոլորակի վրա, քննում է ինքն իրեն, դառնում իր իսկ դատավորը, ձգտում գտնել բազմաթիվ հարցադրումների պատասխաններ՝ որտեղ է ծնկել եւ որտեղ բարձրացել, ի՞նչ կարող էր անել ավելին, քան կատարել է իր կյանքում, ի՞նչ նպատակներ եւ խնդիրների թնջուկ է անկատար թողնում եւ ժառանգում գալիք սերունդներին: Վերջին խրախուսանքը կենսաթոշակի անցնելուց առաջ. «Դատախազության մարմիններում երկարամյա եւ անբասիր աշխատանքի համար ՀՀ Գլխավոր դատախազության կադրերի բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրի Նորայրի Ղազարյանը պարգեւատրվում է «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով: ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Թամազյան»:

Թեեւ սրան հաջորդել էր վաստակած հանգստի անցնելու հանգամանքը, սակայն Յու. Ղազարյանն անհաշտ էր ձեռքերը ծալած նստելու իրողության հետ: Կենսաթոշակային կարգավիճակն ինքնին պարունակում է թախծի նշույլներ, հատկապես աշխույժ եւ ակտիվ գործունեություն ծավալած, բուռն կյանքով ապրած մի մարդու կյանքում, ում համբավը ժամանակին տարածված էր որպես ինքնատիպ անձնավորություն եւ մի շարք աղմկահարույց քրեական հանցագործություններ բացահայտած քննիչ, ում սկզբունքայնությունն ու մասնագիտական հնարամտությունը հայտնի էին ոչ միայն գործընկերների, այլեւ հասարակության որոշակի խմբերի շրջանում…

Այսօր ինչպե՞ս նստել ձեռքերը ծալած, երբ շարունակում ես ապրել ճշմարտության ու կեղծիքի շարունակական պայքարում: Ուրեմն ինչ տարբերություն. պայքարել գողի, հանցագործի դեմ, թե ապականված երաժշտության, ոտնահարված ինքնության՝ Կոմիտասով, Եկմալյանով, Սայաթ-Նովայով հասած ժառանգության անխնա տրորելու առկայությամբ չընդվզել, չբողոքել: Անճաշակ ու գռեհիկ երգը, մեղեդին 80-ամյա մարդուն էլ կարող են համբերությունից հանել: Յուրի Ղազարյանն այս իմաստով ավելի քան անհանդուրժող է: Բազմիցս հանդես եկած կենդանի ելույթներով, մամուլով, հարցազրույցներով արտահայտում է իր ցասումը, պահանջելով պահպանել հայ երգը, երբեք այն չխառնել օտարի ազգային ելեւէջներին՝ օտարինը՝ օտարին, մերը՝ մեզ հայտնի սկզբունքով: Այսքան իմաստավորված կյանքով ապրելով, նա իր թոռներից ու ծոռներից էլ պահանջում է նույնը՝ մերժել այն ամենը, ինչ կարող է խաթարել մեր ազգային ինքնության արժեքները:

Շնորհավոր ծնունդդ, 80 տարիներով թրծված, բայց երիտասարդ ավյունով լի քո խորհուրդը թող ուղերձ դառնա այսօրվա մեր սերնդի երաժշտական ճաշակը բարձր պահելու գործում:

ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
գրող, հրապարակախոս

«Առավոտ»

26.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30