Մարիինյան թատրոնի նվագախումբն օրերս համերգով հանդես է եկել բեռնատարների վրա: Մուսորգսկու եւ Չայկովսկու ստեղծագործությունները երաժիշտները կատարել են բեռնատար մեքենաներ արտադրող գործարանի արտադրամասերից մեկում, իսկ նվագախմբի անդամները տեղավորվել են ԿԱՄԱԶ-ների վրա:
«Մենք անսովոր վայրերում հանդես գալու մեծ փորձ ունենք, հիշում եմ Պալմիրայում, Կեմերովոյում անցկացրած մեր ոչ սովորական համերգները նույնպես»,-ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է նվագախմբի դիրիժոր Վալերի Գերգիեւը:
Համերգի բեմը «կառուցված» է եղել չորս շարքով շարված բեռնատար մեքենաների վրա: Այն անչափ դուր է եկել Գերգիեւին: Համերգը տեւել է մեկ ժամ, իսկ արտադրական ակուստիկան Գերգիեւի սրտով է եղել: Նա հայտնել է, որ նման բացառիկ համերգը պարզապես անհրաժեշտություն էր:
Ինչ վերաբերում է Պալմիրայում կայացած իրենց համերգին, հիշեցնենք, որ դա 2016թ. մայիսի 5-ին էր: Համերգը կրում էր «Աղոթենք Պալմիրայի համար» խորագիրը:
Ի դեպ, Պալմիրայի ազատագրումից հետո միջազգային հանրությունը փորձում էր վերականգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և ԻՊ գրոհայինների կողմից մասնակիորեն ավերված քաղաքը եւ ամեն մշակութային հաստատություն յուրովի ներդրում էր փորձում ունենալ այդ գործում:
Սեփ. լր.
«Առավոտ»
26.04.2018