Aravot.am-ը կոմպոզիտոր, կատարող Վահան Արծրունուց հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն երեւույթին, երբ շոու բիզնեսի, մշակույթի մարդիկ, երաժիշտները այս կամ այն քաղաքական գործչին, շարժմանը սկսում են երգեր, ստեղծագործություններ ձոնել որոշակի քաղաքական իրողությունների ազդեցության ներքո, որպես օրինակ վկայակոչեցինք Թաթա Սիմոնյանի նոր երգը նվիրված «Իմ քայլը» շարժման մասնակիցներին:
«Ցանկացած քաղաքական, ազգային շարժում վերջիվերջո ձեւավորում է որոշակի գեղագիտական խորհրդանիշեր, այսինքն, բացի նրանից, որ կա հույզ, քաղաքական նպատակ եւ որոշակի պատմական իրողություններ, մեզանից անկախ ձեւավորվում է գեղագիտական նշանների մի շարք: Այդ նշանաբանությունը ձեւավորվում է հենց այն երաժշտությամբ, որը հնչում է այդ ընթացքում եւ այն մասնակիցներով, որ ի հայտ են գալիս…
Իմ վերաբերմունքը միանշանակ հետեւյալն է՝ ինքս միշտ առանձնացրել եմ քաղաքական հարթակը համերգային բեմից: Անձամբ ես անթույլատրելի եմ համարում հատկապես երաժիշտների ներկայությունը նման գործընթացներում, որովհետեւ քաղաքական հարթակում հանդես են գալիս քաղաքական գործիչները եւ քաղաքական նպատակներ եւ վեկտորներ են նշմարում, իսկ երաժիշտները հանդես են գալիս որպես արտիստներ: Սրանք ոչ թե իրարից տարբերվող, այլ մեր պատմական այս իրողության մեջ իրարամերժ կեցվածքներ են»,-ասաց Վահան Արծրունին:
Արվեստագետի ձեւակերպմամբ, մարդը, որ հանդես է գալիս որպես արտիստ, չի կարող հայտնվել նույն հարթակի վրա եւ հանրության առաջ հանդես գալ, որը հավաքվել է, որպեսզի իր քաղաքական ճակատագիրը որոշվի:
«Սա իմ մոտեցումն է, բայց այն, ինչ իրականության մեջ է, խիստ հակասության մեջ է մտնում իմ համոզման հետ, որովհետեւ մենք տեսնում ենք լրիվ այլ դրսեւորում, որը կարող էր եւ չլինել: Դա բոլորովին պարտադիր պայման չէ որեւէ մեկի համար՝ ոչ քաղաքական գործիչների, ոչ էլ ժողովրդի, մանավանդ ոմանցից արդեն զզվել են»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ հիշեցրեց մի միջադեպ. «Երգող կինը այդքան էլ լավ չէր կողմնորոշվել, թե ուր է եկել: Նա ասում էր տեքստ, որը սովորաբար ասում է զորամասերում, երբ իրեն տանում էր Պաշտպանության նախարարությունը՝ վճարելով ելույթների համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ