Լրահոս
Օրվա լրահոսը

Ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի. Փաշինյան

Ապրիլ 26,2018 21:01

Այսօր հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ երեկոյան բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ մայրաքաղաքում բազմաթիվ մեքենաներ են երթեւեկել՝ առանց պետհամարանիշների ու որոշել են արագ լուծել այդ խնդիրը. «Ընդամենը կես ժամ, մեկ ժամ հետո Երեւան քաղաքում չկար առանց պետհամարանիշների կամ փակ համարանիշներով մեքենա»: Նա ներողություն խնդրեց, որ ավելի վաղ եւ ավելի արագ չեն լուծել այդ խնդիրը:

Նա ասաց, որ այլեւս ոչ մի լկտի վարորդ չպետք է լինի, եթե տեսնեն, պետք է արագ այդ հարցը լուծեն, որովհետեւ իշխանությունն իրենք են, ոչ թե Կարեն Կարապետյանը:

Նա ասաց, որ հրապարակում առաջադրվել է՝ որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, ակնկալում են, որ ԱԺ-ի խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ նույն որոշումը. «Ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր՝ խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ ՀՀ-ում հաստատված կոռումպացված եւ հակաժողովրդական համակարգը վերացնելը: Հիմա բնականաբար կան տարբեր մեսիջներ, առաջարկներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված, հակաժողովրդական համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող:

Մենք այսօր հստակ քննարկել ենք մեր մեծ թիմով՝ ՔՊ կուսակցության, «Իմ քայլը» նախաձեռնության, «Մերժիր Սերժին» նախաձեռնության, ուսանողական շարժման ներկայացուցիչների հետ, որ այս համատեքստում պաշտոնների բաժանման գործարքների, առեւտրի մասին որեւէ խոսք լինել չի կարող: Ուզում եմ ժողովուրդը շատ հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմանավորվածության, նաեւ այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը: Որեւէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում: Ես կա՛մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»:

Նա վստահեցրեց, որ «մեր բարձրությունից մի միլիմետր անգամ չենք իջնելու, մենք բարձրանալու ու բարձրանալու ենք»: Ուստի նա հորդորեց ժողովրդի հաղթանակը ճանաչել առանց նախապայմանների, ուրիշ տարբերակ չկա. «Ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի նաեւ դե յուրե»:

Փաշինյանն ասաց, որ մայիսի 1-ին ԱԺ-ում լինելու է վարչապետի ընտրությունը, հետեւաբար պետք է կենտրոնացնել ուժերը, արշավի հաջորդ փուլը մայիսի 1-ն է, այդ օրը հայ ժողովուրդը պետք է իր հզորությունը ցույց տա:

Նա խոստացավ, որ ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն կզգա վարչապետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ճիշդ ո՞վ էր, բռնատէրը…

  2. Աշոտ says:

    Իսկ ի՞նչ, համաձայնվի, որ ԻՐ առաջնորդած, ԻՐ ջանքերի, ԻՐ անկոտրում հավատքի շնորհիվ ոտքի ելած ժողովրդին ղեկավարի մեկ ուրիշ ծախված առևտրակա՞ն։ Գրեթե բոլոր ուժերը միշտ էլ ինչ որ կերպ համագործակցել են նախկին ռեժիմին։ Ինչու՞ նա պետք է համաձայն լինի մեկ ուրիշի թեկնածուծությանը։ Հայաստանի քաղաքական երկնակամարում չկա ադեկվատ մեկը, ով իշխանության հետ երբևե գործարքի գնացած չլինի։ Մեր ինչի՞ն է պետք կամազուրկ մեկը։ Իսկ Նիկոլի կամային հատկություններին ոչ ոք չի կարող կասկածել։

    • Հ.Շ. says:

      ջան, քո ըսածը կատարուածի տրամաբանութեան համապատասխան է… պարզապէս չձեւացնենք թէ այս ամէնը ժողովրդավարականօրէն օրինակելի ընթացք մըն է… մինչ ամբողջ խնդիրը այդ էր, չէ՞… ժողովրդավարութեան մակարդակը բարելաւել Հայաստանում… ինչ որ ինք հիմա ասում է, եւ ուզում է անել է, ուղղակի կը հակադրուի ժողովրդավարութեան… չի կարելի միաժամանակ ընտրել յեղափոխութեան ուղին, եւ սահմանադրական գործընթացը… այսպիսի հակասութիւն մը բացայայտում է Հայաստանում տարրական ըմբռնողութիւնների պակասը… խորքին մէջ, էապէս, ռուսների շատ նման, կովկասեան ժողովուրդ մըն է, որու մէկ հատուածը ինքզինք եւրոպացի կամ ամերիկացի է կարծում, երեւակայում…

  3. Աշոտ says:

    Հարգելի Հ.Շ., հասկանում եմ ձեր մտավախությունը, սակայն այն չեմ կիսում: Շատ ճիշտ եք, երբ ասում եք, որ հեղափոխությունն ու սահմանադրությունը միմյանց հակասող հասկացողություն ներ են: Այո, որովհետև յուրաքանչյուր հեղափոխություն հակասահմանադրական է, որովհետև ոչ մի սահմանադրություն` հեղափոխություն չի նախատեսում և չի հանդուրժում: Սակայն առանց հեղափոխության` ժողովրդավարության գործընթացը նույնիսկ չի էլ սկսվում, որովհետև քանի դեռ ներքևից չեն բողոքում, վերևում ոչ ոք մատը-մատին չի տալիս:
    Միգուցէ “կամ ես, կամ ոչ ոք” արտահայտությունը սղոցում է լսելիքը, սակայն հաշվի առնելով մյուս խաղացողների անազնվությունն ու վարկաբեկվածությունը, կարելի է համարձակ ասել` իս ով, եթե ոչ Նիկոլը?
    Այնպես որ` Փաշինյանի ժամանակավոր վարչապետությունը կարող է մեզ մեծ մասով ապահովագրել մյուս խաղացողների սպասելի կեղծիքներից:
    Հարգանքներով` Աշոտ Մարգարյան:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30