Այսօր հանրահավաքին Նոր կյանք համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը հայտարարեց. «Ճանապարհ փակած համագյուղացուն ինչ-որ դեպուտատ գալիս եւ բռնություն է գործադրում իր հաստավիզ ախրաննիկների հետ: Հարվածում են կնոջը, դա աններելի է: Ինչպես կարող է այդ համայնքապետը նստած մնալ իր համայնքում, երբ տեղական իշխանիկը հարվածում է իր բնակչին: Նա ԱԺ պատգամավոր կոչվելու իրավունք չունի»:
Խոսքը Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպի մասին է, Սարգսյանը մանրամասնեց. «Երկու օր առաջ, երբ մի կին իր նախաձեռնությամբ, ի դեպ, այդ կինը մի փոքր խանութ ունի, իմացել են, որ նա գալիս է այստեղ, մասնակցում է իր հայրենակիցների հետ այս համաժողովրդական շարժմանը, հարկային մարմինները մտնում են նրա խանութ եւ ՀԴՄ-ի պատրվակով տուգանում են 300 հազար դրամ: Սպառնում են,որ եթե նա շարունակի գնալ հանրահավաքների, ընդհանրապես կարող է այդ խանութը փակվել: Այդ կինը տղամարդ կին է, նա նախաձեռնում է ճանապարհ փակել հենց իր խանութի դիմաց: Փակում է ճանապարհը եւ մեր մոտից ռեյտինգային համակարգով ընտրված Արայիկ Գրիգորյանը՝ Արշավի Արայիկը իր հաստավզերի հետ գալիս է ճանապարհը բացելու: Այդ կինը չի զիջում եւ հարվածում են այդ կնոջը, կա նաեւ վիդեոն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ