Այսօր հանրահավաքում Վահան Արսենյան անունով մի ՀՀԿ-ական կուսակցական անդամատոմսը ձեռքին բարձրացավ հարթակ եւ հայտարարեց, որ ինքը աշխատել է Շենգավիթի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ ու դիմում է ներկայացրել՝ պաշտոնից ազատվելու համար:
Նա ասաց. «Պարոնայք դիմադրողներ, մի՛ դիմադրեք, հայ ժողովրդին կքել չկա, կթել չկա, էս ազգին ծռել չկա»:
«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց, որ ժողովուրդը հեռացրել է առուն փակած դեւին, բայց այդ հաղթանակն ուզում են խլել. «Ասում են՝ դեւն ինչ-որ գլուխներ ունի, ասում են՝ գազավիկ կա, այ ձեր ցավը տանեմ, մենք հո ձեր ձեռը կրակը չե՞նք ընկել, հո ձեզ հատ-հատ չե՞նք մերժելու, լիքը բանուգործ ունենք, պետություն ունենք շենացնելու»:
Արարատ Միրզոյաննն ասաց, որ երեկ ու այսօր ՀՀ-ում տեղի է ունենում տոտալ քաղաքական առեւտուր. «Պողոսը հանդիպում է Պետրոսին, Պետրոսը՝ Մարտիրոսին, իրար մեջ ինչ-որ պաշտոններ են պայմանավորվում եւ բոլորը միասին ուզում են հանդիպել, մեզնից են պաշտոններ ուզում: Լավ, մի՞թե հասկանալի չէ մեր ուզածն ինչ է, ժողովուրդն ինչ է պահանջում: Ժողովուրդ, մեր հետ պետք չի սակարկել, մենք հստակ հասկանում ենք, դուք էլ վստահ եղեք՝ մենք չենք ուզում ուղղակի իշխանության գալ, պաշտոններ բաժանել, մարդկանց հետ փոխել: Մենք ուզում ենք փոխել համակարգը, ուզում ենք փոխել խաղի կանոնները, հասարակական հարաբերությունները, արժեքները: Մի գրամ չկասկածեք՝ մենք չենք հաղթել դեւին, որ նոր դեւ դառնանք էս ժողովրդի գլխին: Մենք ձեր գործիքն ենք, մենք ձեր ծառան ենք ու մնալու ենք այդպիսին»:
Միրզոյանը նաեւ դիմեց ՀՀԿ-ականերին ու այլ ուժերին՝ ասելով. «Դուք ունեք մեկ արժանապատիվ ելք, դուք պետք է քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին: Միանշանակ որեւէ այլ դրսեւորում կլինի ձեր խայտառակությունը, որեւէ այլ գործարք, որեւէ այլ քվեարկության արդյունք, որը կլինի մայիսի 1-ին ԱԺ-ում, կլինի ոչ լեգիտիմ, Հայաստանի ժողովուրդը դա չի ընդունելու, ավելին՝ սա շատ հստակ է, ես ուզում եմ բոլորը հրապարակում, տներում, կուսակցություններում, ԱԺ-ում շատ հստակ հասկանան, բացի Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օգտին քվեարկելուց, այլ քայլ կհարվածի հայկական պետականությանը եւ կլինի պետական դավաճանություն: Հայոց պետականությունը, հայկական համակարգ կոչվածը հնարավոր է փրկել, ստեղծել, կառուցել, զարգացնել մի ձեւ՝ Նիկոլ Փաշինյանը պիտի դառնա վարչապետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ուղղակի սպառնալիքի ներքոյ, բռնի… քուէարկութիւն
ժողովրդավարութիւն, հայաստանեան տարբերակ
կեցցէ՛ Երեւանի շատ զարգացած ջահելները