Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հեղինակության նոր նշաձողերի իրացումը

Ապրիլ 26,2018 19:50

ՀՀ վարչապետի ընտրության ընթացակարգի մեկնարկի ճշտումը պարտավորեցնում է ճգնաժամի հանգուցալուծման համար քաղաքական երկխոսության հարթակի  կայացման եւ համապատասխան եզրահանգումների արձանագրման արագացումը։

Սինչ այս պահը կա համակողմանի մոտեցում գործընթացները պահելու քաղաքակիրթ, խաղաղ սահմաններում, առավել եւս հանգուցալուծումները բերելու օրինական դաշտ: Թավշյա հեղափոխության դիմաց կար նաեւ թավշյա պետական արձագանքում` ուժի կիրառումը բացառելու եւ ընթացակարգը սահմանադրական եւ մանավանդ անցնցում պահելու:Այն ինչ տեղի է ունեցել վերջին օրերին օրինակելի է ոչ միայն ներազգային, այլ նաեւ միջազգային մակարդակով: Գործընթացները իսկապես բարձրացրեցին ՀՀ միջազգային վարկը:

Դժվար պիտի լիներ հիշել ժողովրդավարական կարգերով կառավարվող այլ երկրների օրինակներ, ուր անընդհատ ժողովուրդը շաբաթներ բողոքի գործողություններով ինքն իրեն դրսեւորեր, գիտակցելով, որ այդ գործողություններին պետք է տա բացառապես խաղաղ բնույթ, որի դիմաց իրավապահ մարմինները, հակառակ բերման ենթարկելու պարագայական կոշտ վերաբերումներին, ընդհանրապես խուսափեցին պատահարներին անհամաչափ ուժ ցուցաբերելու փորձությունից:

Այստեղ առանձնապես պետք է ընդգծել նաեւ վարչապետի հրաժարական տալու գործողության եւ տեքստի պետականության բարձր մակարդակը, ուր առաջնային կերպով գերադասվել էր երկրի անդորրը, անվտանգությունը, համերաշխությունը:

Իրենց ամբողջության մեջ գործընթացները համակողմանիորեն Հայաստանի Հանրապետությունը  վերածեցին ժողովրդավարության մոդել պետության եւ հասարակության:

Հաճախ, տարբեր առիթներով կատարված վերլուծություններում թե՜ իրավական եւ թե՜ քաղաքական առումներով, շեշտվում են եւրոպական արժեհամակարգի որդեգրման անհրաժեշտությունը մեր երկրի կողմից եւ այդ ուղղությամբ փուլ առ փուլ պարտավորությունները կատարելու պահանջների հիշեցումները: Դժվար չպիտի լիներ ընկալելը, որ գեթ այս դեպքում եւրոպական շատ երկրներ գուցե նաեւ անհրաժեշտությունը զգային որդեգրելու հայկական մոդելն ու պետական-հասարակական արժեհամակարգի դրսեւորած մոտեցումները:

Այս բոլորը կապ չունեն իհարկե մեկնող-գալիք իշխանությունների գնահատականների հետ: Այս բոլորը մինչ այժմ արձանագրված-արձանագրվող գործընթացների ունեցած դրական ազդեցությանն են վերաբերում` մեր երկրի միջազգային հեղինակության ու վարկի բարձրացման մեջ: Ի վերջո, գրանցվել է համաժողովրդային կամքի կամարտահայտություն, որի դիմաց` վարչապետի հրաժարական: Բախումների բացառում, խաղաղ եղանակի որդեգրման եւ կիրառման կոչեր, իրականացումներ եւ իրավապահ մարմինների արհեստավարժ գործելաոճի առարկայացում եւ ուժի կիրառումից խուսափելու վճռակամություն:

Այս բնութագրումները կապ չունեն նաեւ գեթ այսօր միանձնյա ղեկավարությամբ հատկանշվող համաժողովրդային ընդդիմությանը իշխանություն ստանձնելու դեպքում անվտանգության եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների հետ առնչված հայեցակարգային անորոշությունների առիթ տված տեղին մտահոգությունների հետ:

Այդ հարցերը կան եւ պիտի հստակեցվեն դեռևս։ Խնդիրը այսօր ժողովրդավարական դիմագծի պայծառացման եւ միջազգային վարկավորմանն է վերաբերվում: Եւ բոլոր պատճառներն ու արդար ակնկալությունները կան, որ գիտակցական այս համակողմանի բարձր մակարդակը ինքն իրեն զգալի դարձնի նաեւ հետագա հանգուցալուծումների գործընթացներում` միշտ գերադասելով այդ բոլորի սահմանադրականությունն ու դրանց օրինական դաշտում կայացումը:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30