Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Հայաստանի հակամարտող քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել և ճգնաժամը լուծել բանակցությունների ճանապարհով, գրում է Financial Times-ը: BlueBay-ի վերլուծաբան Թիմ Էշը պարբերականին ասել է, որ Պուտինի այդ հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես «Կրեմլը չի հանդուրժի գունավոր հեղափոխություն»: Մինչդեռ մինչ այժմ Մոսկվան հայտարարում էր, որ այդ ցույցերը Հայաստանի ներքին խնդիրն է, և խուսափում էր զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի հետ:
Al-Jazeera-ն գրում է, որ հազարավոր ցուցարարները դարձյալ հեղեղել են Հայաստանի փողոցները այն բանից հետո, երբ տապալվեցին բանակցությունները ընդդիմության և կառավարության միջև բանակցությունները: Ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը:
Washington Post-ը գրում է, որ ժամանակն աշխատում է Փաշինյանի օգտին, և հիշեցնում, որ երկրի խորհրդարանը մինչև երկուշաբթի պետք է առաջ քաշի վարչապետի նոր թեկնածուի անունը:
Ինչպես երևում է, Հանրապետական կուսակցությունը հույս ունի կառավարություն ձևավորել և պահպանել իշխանությունը անցումային շրջանում: Սա հասկանալի է, քանի որ հիմնականում վարչական լծակներն ու ընտրակաշառքներն էին, որ հաղթանակ ապահովեցին Հանրապետականների համար 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եթե Հանրապետականը կորցնի կառավարությունը, նոր ընտրություններում նրա արդյունքները զգալիորեն ցածր կլինեն, գրում է Open Democracy-ն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ