Ըստ ԵԽԽՎ-ի ընդունած փաստաթղթի՝ վեհաժողովը կոչ է անում բարելավել լրագրողների իրավական կարգավիճակը ԵԽ անդամ երկրներում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ընդունվեց «Եվրոպայի տարածքում լրագրողների կարգավիճակը» խորագրով բանաձևի նախագիծ: Փաստաթղթում մտահոգություն կա, որ Եվրոպայի տարածքում և ընդհանրապես ամբողջ աշխարհում մամուլի ազատությանն ուղղված մարտահրավերների վերաբերյալ:
Բանաձևի նախագծում ամրագրված է. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ 2015-ին ԶԼՄ 22 ներկայացուցիչներ են սպանվել, շուրջ 160-ը հայտնվել բանտում: 2014-ին մոտ 100 ԶԼՄ ներկայացուցիչներ սպանվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: Որոշ անդամ պետություններում մամուլի ազատությունը լրջորեն ստորադասվում է»:
Փաստաթղթում առաջարկություն կա այն մասին, որ լրագրողներին անհրաժեշտ է տալ իրավական հստակ կարգավիճակ, որպեսզի երաշխավորվի մամուլի ազատությունն ու քննադատության անկողմնակալությունը, որը ժողովրդավարական հասարակության բաղկացուցիչներից է:
Բանաձևի նախագիծը փաստում է, որ մամուլի ազատության ու լրագրողների անվտանգության ապահովման համար մի շարք քայլեր արվել են, օրինակ՝ լրատվության աղբյուրների պաշտպանվածության հարցը, լրագրողների հեղինակային իրավունքի ճանաչումը, վարքականոնների ներդրումը, լրագրողների ուղղակի կամ միջնորդավորված ֆինանսավորումը:
Ըստ ԵԽԽՎ-ի ընդունած փաստաթղթի՝ վեհաժողովը կոչ է անում բարելավել լրագրողների իրավական կարգավիճակը ԵԽ անդամ երկրներում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ