«Այս տիպի հեղափոխությունը, որը ուղղորդվում է երթերով, ցույցերով, վարդերի հեղափոխություն անունը կդնեք, թավշյա, չգիտեմ ինչ՝ սա քաղաքակիրթ հեղափոխություն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ նախկինում ցույցերի դեմ արտահայտվելով՝ նկատի է ունեցել միայն զինված տարբերակը:
Հարցին՝ ՀՀԿ-ն պե՞տք է հեռանա իշխանությունից՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Հանրապետական կոչվածը ես չեմ ուզենա, որ այդքան ընդհանրացնեք: Ժողովուրդ, ես ինքս էլ ՀՀԿ անդամ եմ, բայց չեմ ուզում այս մեղադրանքների գոնե 2 տոկոսն իմ վրա վերցնել, ոնց կուզեք՝ մեկնաբանեք: Ժողովրդի մեկնաբանությունները ոչ ուզում եմ քննարկեմ, ոչ ընդդիմանում եմ, իհարկե, իրականության լուրջ պտուղ կա այս ամեն ինչի մեջ, եւ չեմ ուզում որեւէ կերպ…ես մաքուր եմ իմ խղճի առաջ, բոլորի առաջ, ես հաստատ մաքուր եմ, բոլորդ իմացեք: Ուզում է իշխանություն չփոխվի, ինչ ուզում է լինի, ինձ հետ որեւիցե խնդիր չկա, ես ճիշտ եմ ապրել: Բայց ենթադրում եմ, որ սենց հիմնովին ջարդել փշրել մեր այսօրվա վիճակը…մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, շուռ եկեք դեպի Արցախը: Տեսնում եք հիմա Ադրբեջանում ինչ է կատարվում»:
Լրագրողները նորից պնդեցին պատասխանել՝ ՀՀԿ-ն պե՞տք է հեռանա իշխանությունից՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես հիմա այդ կարծիքին չեմ, թույլ տվեք քննարկենք, որոշենք ինչ է հնարավոր անել: Կարծում եմ, ՀՀԿ-ի սենց թողնելն ու գնալը այսքան տարի ղեկավարելուց հետո ընդամենը դավաճանություն է ժողովրդի ու մեր պետության նկատմամբ: Ի՞նչ կարծիքի եք, ես այսօր մանդատս հանձնեի ու գնայի՞, գնայի տունը հանգիստ ապրեի, իմ խիղճը մաքուր է, ես ոչ մի բան իմ վրա չեմ վերցնում այս մեղադրանքներից, գնա՞մ տուն: Համարում եք, որ սա հայրենասիրական մոտեցում է ու թասիբի հա՞րց է, չէ՛, ես պիտի մնամ ու պիտի մասնակցեմ ամեն ինչին: Ընթացքը ոնց կլինի՝ չգիտեմ, խմբակցությունը կորոշի, բայց ես կարծում եմ, դա կբխի մեր պետության ու ժողովրդի շահերից…Առնետավազք է, ես հիմա պիտի փախա՞ծ լինեի, չէ՛, ժողովուրդ ջան, ես իմ տեսակն ու ազգանունն ունեմ, երբեք չեմ փոխի, 60 տարեկանում հատկապես»:
Հարցին՝ ձեզ ընդդիմություն պատկերացնո՞ւմ եք՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ դա մի քիչ բարդ է իր համար. «Իմ անցած ճանապարհը, վերջը ոստիկանապետ եմ եղել, ընդդիմություն լինել դժվար կլինի»:
Լրագրողներն ասացին, որ իշխանությունները մտահոգ են հավանաբար, արխիվները կբացվեն, Մարտի 1-ի հարց կա, Հոկտեմբերի 27, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Դա ինձ հիմա ընդհանրապես չի մտահոգում, որովհետեւ երկար տարիներ այդ թեզն ինձ մոտ եղել է՝ ամեն մարդ իր արածի համար մի օր պատասխան է տալու: Սա ասել եմ 7 տարի առաջ տարբեր տեղերում, թող մարդիկ մտածեն, որ մի օր գալու է ժամանակը ոչ թե դատաստանի, այլ ամեն մարդ թող մտածի՝ իր դեմքը մի օր կբացվի, ժողովուրդը կիմանա: Ով որ իրան վատ է պահել, թող ինքը գիշերը չքնի»:
Հարցին՝ ՀՀԿ-ն չե՞ք լքի՝ նա ի պատասխան վստահեցրեց՝. «Դավաճանության ոչ մի էլեմենտ իմ մոտ չեք գտնի: Ես էս տարիքում ոչ անունս կփոխեմ, ոչ ձեւս, ոչ բովանդակությունս: Իմ համար արդեն ուշ է եւ ամոթ է, ով եղել եմ՝ տենց կմնամ ու չեմ ամաչում ով եմ եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ