Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ժամանակը երկարում է, հարց կարող է առաջանալ նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշի առումով». Հակոբ Բադալյան

Ապրիլ 26,2018 15:48

«Թավշյա հեղափոխությունն, իմ գնահատմամբ, նոր է սկսվում: Սերժ Սարգսյանի հրաժարականն առաջին քայլն էր, հիմա սկսվելու է հեղափոխության բուն գործընթացը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նա համամիտ չէ այն գնահատականին, որ բանակցությունները ձախողվեցին: Ըստ նրա՝ բանակցությունները շարունակվելու են, դրա այլընտրանքը չկա, քանի որ հենց բանակցությունների արդյունքում է մեզ հաջողվելու զերծ մնալ ցնցումներից:

Քաղաքագետի պնդմամբ՝ այլևս միանշանակ է, որ վարչապետի թեկնածուն պիտի լինի Նիկոլ Փաշինյանը. «Նա է շարժումը ղեկավարել և Սերժ Սարգսյանի հրաժարականը պարտադրել է ինքը: Նոր վարչապետն առաջին հերթին պիտի իրականացնի ազատ, արդար թափանցիկ ընտրություններ՝ ունենալով իշխանական լծակներ, այնպիսի ընտրություններ պիտի անցկացվեն, որ հասարակության մեջ կասկած չառաջանա: Այսօր վստահության ամենամեծ պաշարն ունի Նիկոլ Փաշինյանը»:

Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ ավելի տրամաբանական կլինի, որ Նիկոլ Փաշինյանը որպես ժողովրդի թեկնածու ԱԺ-ում ընտրվի վարչապետ և օգտագործելով վարչապետին տրված լծակները՝ քանդի Տիգրան Մուկուչյանի գրասենյակը, ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնի, ու տեղի ունենան արտահերթ ընտրություններ:

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը նոր ավտորիտար համակարգի չի՞ հանգեցնելու, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Մտահոգություններն անտեղի են և շատ վաղաժամ: Չի կարելի հիմա նման մտահոգություն հայտնել: Այսօր այս պահին ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ լինի վարչապետ: Առկա իրավիճակում միակ այդպիսի մարդը, որը կարող է և պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը, Նիկոլ Փաշինյանն է: Նա սկսել է մի շարժում, որը հասել է անհավատալի հաջողության և կանգնած է երկիրը վերափոխելու շեմին: Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ այն, ինչ արել է ինքը ու նաև ժողովուրդը, կհայտնվի նաև մեկը, որ նույնը կանի նաև իր դեմ»:

Դառնալով ՀՀ-ում հաստատված քաոտիկ իրավիճակին՝ քաղաքագետ Միքայել Զոլյանը փաստեց. «Պատճառն այն է, որ հին իշխանությունը դեռ չկա, նորը դեռ չի հասցրել ձևավորվել: Սա վտանգավոր իրավիճակ է, ճիշտ են անում, որ սահմանի մասին են խոսում: Լուծումն է հնարավորինս շուտ փոխանցել իշխանությունը: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն գաղափարակից մարդկանց խումբ չէ, դա բիզնեսմենների և չինովնիկների համքարություն է: Դե ֆակտո բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանության կենտրոնն այսօր Հանրապետության հրապարակում է և դա Նիկոլն ու իր թիմակիցներն են: Դե ֆակտո իրավիճակը պիտի համաձայնեցնել դե յուրե իրավիճակին»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի փոխանցմամբ՝ առաջնային հիմքը հասարակության դժգոհությունն է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակից, արդարադատության բացակայությունից, նաև իշխանության վերաբերմունքից. «Շատ էական է, թե իշխանությունն ինչպես է վերաբերվում այդ խնդիրներին և հանրության պահանջներին: Այդ բացարձակ անտրամաբանական ցինիզմն ու երեսպաշտությունը, որով արձագանքում էր իշխանությունը խնդիրներին, դա արդեն հեղափոխության պատճառ է»:

Ըստ Միքայել Զոլյանի՝ ուժերը պետք է համախմբվեն, որ հակահեղափոխություն տեղի չունենա:

Հակոբ Բադալյանի կարծիքով, եթե ժամանակը երկարում է, հարց կարող է առաջանալ նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշի առումով. «Սովորական մարդը սկսելու է սպասել, թե երբ է իր կյանքը լավանալու: Անհրաժեշտ է հնարավորինս արագ անցկացնել արտահերթ ընտրություններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30