Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկելով փողոցից՝ շուտ արեք ինձ վարչապետ ընտրեք, թե չէ հեսա գալիս եմ՝ ճիշտ ճանապարհ չի». Ալիկ Սարգսյանը՝ Փաշինյանին

Ապրիլ 26,2018 15:21

Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելու համար ԱԺ-ի քվեարկության ժամանակ հարկավոր են նաեւ ձայներ ՀՀԿ-ից, ուստի այսօր լրագրողների հարցին, թե դուք ինչպե՞ս եք քվեարկելու՝ ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ թիմով պետք է քննարկեն, որոշեն. «Կնստենք բոլորս միասին ֆրակցիան կորոշի: Ամեն դեպքում ես թիմի անդամ եմ, կուսակցության անդամ եմ, համապատասխան խմբակցություն ունենք, չեմ կարծում, որ ես առանձին մի հատ ինչ-որ էքստրեմալ վիճակ պետք է ստեղծեմ: Նենց էլ չի, որ էս ամեն ինչը իմ սրտով է: Ամեն դեպքում ընտրություն պետք է կատարվի, Սահմանադրական ճանապարհով պիտի այդ հարցը լուծվի, կողմնակից եմ միանշանակ դրան, որովհետեւ ամբողջ աշխարհի առաջ խայտառակվելու խնդիր կլինի: Հրապարակային ընտրություն չի լինի»:

Դիտարկմանը, որ խոսքը հրապարակում ընտրության մասին չէ, խոսքը ԱԺ-ում վարչապետի թեկնածու ընտրելու մասին է՝ Ալիկ Սարգսյանն ասաց, որ անձամբ ինքը դեռ չի որոշել ում է քվեարկելու. «Ժողովուրդ, ես մի բան գիտեմ, էս ամեն ինչը վերաբերում է Սերժ Սարգսյանին, ճի՞շտ է, Սերժ Սարգսյանը հիմա այստեղ չի, հիմա ակտիվ գործունեությամբ չի զբաղվում, չի միջամտում այս ամբողջ իրադարձություններին: Հիմա եթե խոսքը վերաբերում է Կարեն Կարապետյանին, հիմա էլ Կարեն Կարապետյանի՞ դեմ եք պայքարում»:

Լրագրողներն ասացին, որ պայքարը ամբողջ համակարգի դեմ է, ոչ թե միայն Սերժ Սարգսյանի, Ալիկ Սարգսյանն էլ արձագանքեց. «Ինչ տեղի ունեցավ հրապարակում, լավ դաս էր այս ամեն ինչը իշխանության համար: Իհարկե, ո՞վ չի հասկանում էս ժողովուրդը ոնց հավաքվեց, որն էր հիմքը: Ուզո՞ւմ եք իմանաք իմ կարծիքը՝ ես դա կանխատեսել եմ վաղուց: Ես զգում էի վաղուց, որ երկրում մաղձ կա, ատելություն կա հասկանալի պատճառներով, պատճառները բոլորդ գիտեք՝ արտագաղթ, անարդարության մթնոլորտ, սոցիալական ծանր վիճակ, աղքատության խնդիր եւ այլն»:

Հարցին՝ դուք այդ ամեն ինչը Սերժ Սարգսյանի հետ բաց քննարկե՞լ եք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ասում էր՝ դուք իրավիճակին չեք տիրապետում՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Կարող է ճիշտ չեն զեկուցել ժողովրդի տրամադրության հետ կապված, մթնոլորտի հետ կապված, հավաքների քանակը: Ենթադրում եմ, կարող է ճիշտ չեն ներկայացրել, բայց ամեն դեպքում, Սերժ Սարգսյանն այն քաղաքական գործիչը չէր, որ այս ամեն ինչը չտեսներ ու չզգար, վերջը երկար տարիներ աշխատել եմ իր հետ»:

Փաշինյանը երեկ հանրահավաքին ասաց, որ բազմաթիվ ՀՀԿ-ականներ ասել են, որ իրեն են աջակցելու վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: Ալիկ Սարգսյանն ասաց. «Եթե ասում է, ուրեմն մի բան գիտի, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, ամեն դեպքում ուզում եմ բոլորիդ հավաստիացնել՝ այսպես թե այնպես որ կուսակցությունը կիշխի, հիմա երկրում բան է փոխվել: Այս ամեն ինչը տարավ նրան, որ համակարգային փոփոխություն ասվածը եղել է, ով կլինի իշխանություն՝ դա արդեն կապ չունի: Ով այս ամեն ինչը անտեսեց եւ մի ամիս հետո մոռացավ՝ նա կդառնա ազգի թշնամի եւ հաջորդը ինքը կլինի»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ տեսնո՞ւմ եք դուք՝ նա պատասխանեց. «Այս պահին չէ, թող գա Փաշինյանը ներկայանա ԱԺ, հանդիպումներ լինեն, մեր հետ էլ շփվի, պայմանավորվենք, խոսենք, հասկանանք ինչ է ուզում էդ մարդը, թե չէ ահաբեկելով փողոցից՝ շուտ արեք ինձ վարչապետ ընտրեք, թե չէ հեսա գալիս եմ՝ սա ճիշտ ճանապարհ չի: Ամբողջ աշխարհը նայում է՝ պատգամավորներին ուժի ազդեցության տակ չի կարելի տանել ընտրության, իմ կարծիքով, սա ամենավատ բանն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30