«Մենք պատրաստ ենք բանակցելու`առանց նախապայմանների: Այս իրավիճակից պետք է դուրս գանք առանց մեծ կորուստների: Բանակցելու ընթացքում կգանք ընդհանուր մոտեցումների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը`պատասխանելով հարցին` ՀՀԿ-ն կքվեարկի՞ Նիկոլ Փաշինյանի օգտին, որպես ՀՀ վարչապետի թեկնածու:
Երեկ երեկոյան, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանում հանդիպել է ՀՀԿ խմբակցության անդամների հետ: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է ներկայացնի նաեւ իր հրաժարականի դրդապատճառները: Ի՞նչ է ասել այդ մասին Սերժ Սարգսյանը`հարցին, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ակնհայտ էր մի բան, որ հանրության մի ստվար զանգված դեմ էր նրա վարչապետ լինելուն, որպեսզի խուսափի հետագա զարգացումներից, հրաժարական է տվել: Ես սա գնահատում եմ պատասխանատու քայլ»:
Խոսակցություններ կան, որ որոշ պատգամավորներ հնարավոր է լքեն ՀՀԿ-ի շարքերը: Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարող կանխագուշակել՝ նման բան կլինի, թե՝ ոչ: Կոնկրետ երեկ, ֆրակցիայի նիստում, ակնհայտ էր միասնական լինելու ոգին»:
ՀՀԿ խմբակցության պատգամավորներ- Սերժ Սարգսյան հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ ՀՀԿ-ն պետք է սկսի կուսակցության նախագահի փոփոխության գործընթաց: «Երեկ այդ խոսակցությունը գնում էր: Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե հրաժարվում եմ վարչապետի պաշտոնից, ապա իմաստ ունի նաեւ այս պաշտոնից հրաժարվեմ», – ասաց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ ՀՀԿ-ն կղեկավարի Կարեն Կարապետյանը, մինչեւ նոր նախագահ ընտրելը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ